Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Վոլինյան կոտորածի իրադարձություններին առնչվող ուկրաինական հատուկ ծառայությունների արխիվները բացելու ծրագրերի մասին՝ Լեհաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում:
Լեհական ուղղությամբ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդակցության արդյունքներով Զելենսկին հայտարարել է, որ Կիևը մտադիր է «դիվանագիտական լուծումներ» գտնել երկու երկրների միջև վիճելի պատմական հարցերի կարգավորման համար։
«Երկրորդ. կբացվեն Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության բոլոր արխիվները՝ Վոլինում XX դարի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- թելեգրամյան ալիքում գրել է ուկրաինական առաջնորդը:
Բացի դրանից, Զելենսկին հայտնել է, որ երկրի իշխանությունները «զգալի քանակությամբ թույլտվություններ» կտրամադրեն այդ իրադարձություններին առնչվող որոնողական և արտաշիրիմման աշխատանքների իրականացման համար։ Նա հավելել, է որ միջոցառումներն անցկացվելու են ուկրաինացի և լեհ մասնագետների մասնակցությամբ։
Կողմերը միաժամանակ քննարկել են Ուկրաինայի և Լեհաստանի միջև հասարակական երկխոսության ընդլայնման հնարավոր ձևաչափերը։
Վոլինյան կոտորածը 1943–1944 թվականներին Արևմտյան Ուկրաինայի տարածքում էթնիկ լեհերի զանգվածային սպանություններն են, որոնք իրականացրել են ուկրաինական ազգայնական կազմավորումների ստորաբաժանումները։ Ամենաողբերգական դրվագն է համարվում 1943 թվականի հուլիսի 11-ը, որը պատմության մեջ է մտել որպես «Արյունոտ կիրակի»։
Լեհ պատմաբաններն այդ իրադարձությունների հետևանքով զոհված լեհերի թիվը գնահատում են 50 հազարից մինչև 100 հազար մարդ։ 2016 թվականին լեհական Սեյմը Վոլինյան կոտորածը ցեղասպանություն ճանաչեց և հուլիսի 11-ը դրա զոհերի հիշատակի օր սահմանեց։
Պատմական թեման վերջին ամիսներին Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերություններում լարվածության պատճառներից մեկն է դարձել։ Ճգնաժամն ուժեղացավ այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները որոշեցին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհել Ուկրաինական ապստամբական բանակի գործիչների անունը։
Դրանից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկեց լեհական Սպիտակ արծվի շքանշանից, այնուհետև Ուկրաինայի առաջնորդը պարգևը փոստով վերադարձրեց Վարշավային։ Դրանից հետո ուկրաինացի մի շարք պետական գործիչներ հրաժարվեցին լեհական պետական պարգևներից, իսկ նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման և Պետրո Պորոշենկոն՝ նաև Սպիտակ արծվի շքանշանից։
Ավելի ուշ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարեց երկրում Ուկրաինական ապստամբական բանակի խորհրդանիշների արգելմանը հասնելու մտադրության մասին։ Նա ընդգծեց, որ քննադատում է ոչ թե ուկրաինացի ժողովրդին, այլ «Բանդերայի գաղափարախոսությունը», որը, նրա կարծիքով, չպետք է տեղ ունենա ժամանակակից Եվրոպայում։
Source: https://news.am/hy/news/1050438