ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի համար մաքսատուրքերի հնարավոր բարձրացման մասին՝ կապված ծավալուն անտառային հրդեհների հետ, որոնց ծուխը տարածվել է ամերիկյան մի շարք քաղաքների վրա:

Համապատասխան հայտարարությունը ամերիկյան առաջնորդը հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Մենք Կանադային պատասխանատու ենք համարում այն փաստի համար, որ նրանք պատշաճ կերպով չեն խնամում իրենց անտառներն ու թփուտները, ինչի պատճառով առանց որևէ անհրաժեշտության ԱՄՆ է ներթափանցում գարշելի, կեղտոտ և վնասակար օդ, որի որակը վտանգ է ներկայացնում, ինչը լիովին անընդունելի է: Այսօր ես կզանգահարեմ վարչապետին՝ պարզելու համար՝ արդյոք նրանք որևէ քայլ ձեռնարկո՞ւմ են այդ ուղղությամբ»,- գրել է Թրամփը։

Ըստ նրա՝ կանադական իշխանությունները բավարար չափով չեն վերահսկում անտառների վիճակը, թեև «գիտեն, որ այս անգործությունը հանգեցնելու է հենց նման արդյունքների»։

«Դա գիտակցված անփութություն է, որը կրկնվում է տարեցտարի և ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարներ արժենում: Այդ աղտոտվածությանն առնչվող ծախսերը, անհրաժեշտությունից ելնելով, պետք է ավելացվեն այն մաքսատուրքերին, որոնք ներկայում վճարում է Կանադան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կանադական անտառային հրդեհների թանձր մառախուղը հասել է Նյու Յորք։ IQAir ծառայության տվյալներով՝ քաղաքում օդի որակի ինդեքսը բարձրացել էր մինչև 166 կետ, ինչը համապատասխանում է «առողջության համար վնասակար» մակարդակին։ Ավելի ուշ ակնկալվում էր ցուցանիշների բարելավում։

Ուրբաթ ծուխը տարածվել էր նաև Վաշինգտոնի վրա։ Ամերիկացի մասնագետները նշում էին, որ Դետրոյթը, Չիկագոն և ԱՄՆ մայրաքաղաքը հայտնվել են օդի ամենաբարձր աղտոտվածություն ունեցող աշխարհի խոշոր քաղաքների թվում։

Կանադական իշխանությունների տվյալներով՝ երկրում գրանցվել է շուրջ 900 անտառային հրդեհ, որոնցից մոտ 120-ը դեռևս մնում են անվերահսկելի։

Source: https://news.am/hy/news/1050442