Ամերիկացի իրավապահները 45 տարի անց կարողացել են բացահայտել կնոջ սպանությունը՝ օգտագործելով ԴՆԹ-ի հետազոտության ժամանակակից եղանակները։ Գլխավոր ապացույց են դարձել նմուշները, որոնք ստացվել են դեն նետված սոուսի և գազավորված ըմպելիքի շշերից:

Ինչպես հաղորդում է CBS News-ը, 79-ամյա Լարի Դին Բրաունը ձերբակալվել է 1981 թվականին կատարված Բևեռլի Բրունոյի սպանության կասկածանքով։

35-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել էր 1981 թվականի փետրվարին՝ իր բնակարանում։ Նա ընկած էր հատակին՝ պայքարի հետքերով, իսկ պարանոցին հայտնաբերվել էր էլեկտրական լար։ Այն ժամանակ իրավապահների կասկածել էին Լարի Բրաունին, որը նրա մտերիմ ընկերուհու՝ Թելմայի ամուսինն էր։ Տղամարդու մատին թարմ վնասվածք էր նկատվել, սակայն եղած ապացույցները բավարար չէին եղել մեղադրանք առաջադրելու համար։

Տասնամյակներ անց գործի քննությունը վերսկսվել է։ 2025 թվականին քննիչները նորից ուսումնասիրել են հետաքննության նյութերը և հայտնաբերել հանցագործության հնարավոր դրդապատճառը։ Պարզվել է, որ Բևեռլին և Թելման նախկինում համատեղ հիփոթեք էին ձևակերպել Դալասում գտնվող մի տան համար։ Թելմայի և Լարիի հարսանիքից հետո ամուսինները փորձել էին համոզել Բևեռլիին դուրս գալ հիփոթեքային պարտավորությունից, սակայն նա հրաժարվել էր։ Սպանությունից կարճ ժամանակ առաջ կնոջ և Լարիի միջև հերթական ընդհարումն էր տեղի ունեցել։

2026 թվականին ոստիկանությունը հսկողություն է սահմանել Բրաունի տան նկատմամբ և հասանելիություն ստացել նրա աղբին։ Քննիչները վերցրել են դեն նետված գազավորված ըմպելիքի և բարբեքյու սոուսի շշերը, որոնց վրա հայտնաբերել են կասկածյալի ԴՆԹ-ն։

Կատարված հետազոտությունը ցույց է տվել ԴՆԹ-ի նմուշների համընկնումը Բևեռլի Բրունոյի հագուստի վրա գտնված արյան հետ։ Քննության տվյալներով՝ դա դարձել է այն առանցքային ապացույցը, որը հնարավորություն է տվել Լարի Բրաունի անձը կապել հանցագործության հետ։

Source: https://news.am/hy/news/1050443