ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, որում շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար։
Վրաստանի վարչապետի կողմից շնորհավորանքի բուն փաստի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէր, հաղորդում է «Новости Грузия»-ն։
Իր նամակում Թրամփն ընդգծել է Անկախության օրվա կարևորությունը՝ որպես ամերիկյան ժողովրդի ազատության, տոկունության և «անկոտրում ոգու» տոն։ Այդուհանդերձ, ուղերձի առանցքային մասը վերաբերել է երկկողմ հարաբերությունների ապագային, որոնք վերջին շրջանում ոչ հեշտ ժամանակներ են ապրում։
Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնն ու Թբիլիսին կկարողանան առաջ շարժվել՝ ի հեճուկս առկա մարտահրավերների։
«Մենք հպարտանում ենք այն սկզբունքներով, որոնցով մեր երկիրն առաջնորդվել է իր ողջ պատմության ընթացքում, և բարձր ենք գնահատում այն գործընկերին, որոնք կիսում են այս գաղափարների նկատմամբ հարգանքը։ Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցության ամրապնդմանը, որպեսզի միասին շարժվենք դեպի ավելի անվտանգ, բարգավաճ ու խաղաղ ապագա՝ ի նպաստ մեր երկրների ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման»,- նամակի տեքստն է մեջբերում Վրաստանի կառավարության աշխատակազմը։
ԱՄՆ գլխավոր ազգային տոնը նշվել է դեռևս հուլիսի 4-ին։
Ո՛չ Կոբախիձեի մամուլի ծառայությունը, և ո՛չ էլ Վրաստանի կառավարության աշխատակազմն այն ժամանակ Սպիտակ տուն շնորհավորանք ուղարկելու մասին որևէ հայտարարություն չէին արել։ Կոբախիձեի նամակի տեքստը մինչ օրս չի հրապարակվել։
Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի հենց սկզբում թե՛ Կոբախիձեն, և թե՛ նախագահ Միխայիլ Կավելաշվիլին նամակներ էին գրել Թրամփին՝ կոչ անելով վերականգնել ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից»։ Վրաց-ամերիկյան շփումների ակտիվացման նշաններ են ուրվագծվել նաև գարնան վերջին։
Source: https://news.am/hy/news/1050506