Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են 96 օտարերկրացու, որոնք հանրապետության տարածքում գտնվում էին անօրինական կերպով, հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով գերատեսչության տվյալները։
Արտաքսվածների թվում են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սուդանի, Իրաքի, Քուվեյթի, Նիգերիայի, Բելառուսի, Կուբայի, Կոտ դ'Իվուարի, Մադագասկարի, Ալբանիայի, Ուզբեկստանի, Լիբանանի, Մարոկկոյի, Հորդանանի, Թաիլանդի և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսումից հետո այդ բոլոր անձանց մուտքը Վրաստան արգելված է։
Երկրի իշխանությունները վերջին տարիներին ուժեղացրել են ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջոցառումները։
«Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ընդլայնել օտարերկրացիների բնակության և աշխատանքի վայրերի ստուգումների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև պարզեցրել է օրինախախտների արտաքսման ընթացակարգերը։ Բացի դրանից, օտարերկրացիներն այժմ չեն կարող աշխատել Վրաստանում առանց հատուկ թույլտվության։
Իշխանությունների տվյալներով՝ 2025 թվականին միգրացիոն կանոնների խախտման համար երկրից արտաքսվել է ավելի քան 1300 օտարերկրացի, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Կառավարությունում հայտարարել են, որ արտաքսումների թիվը կշարունակի աճել։
Source: https://news.am/hy/news/1052554