Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հինգշաբթի խորհրդարանի ընդունած հինգ օրենք է ստորագրել։ Դրանց թվում են կրթության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնք մանկապարտեզներում և դպրոցներում բջջային հեռախոսների ու կապի այլ միջոցների օգտագործման արգելք են նախատեսում, հայտնում է RMF 24։
Արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ըստ նոր կանոնների՝ պետական և մասնավոր տարրական դպրոցների աշակերտներին կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ և այլ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս դասերի, ընդմիջումների և ուսումնական հաստատությունում անցկացվող այլ պարապմունքների ժամանակ կապ հաստատել, ձայնագրություն կամ տեսագրություն անել։
Սահմանափակումները կտարածվեն նաև դպրոցից դուրս կազմակերպվող պարապմունքների վրա, օրինակ՝ արտաքին մարզահրապարակներում անցկացվող ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ։
Էլեկտրոնային սարքերի օգտագործումը կարգելվի նաև մանկապարտեզների երեխաների համար՝ կրթական, դաստիարակչական և խնամքի միջոցառումների ընթացքում, ներառյալ հաստատությունից դուրս անցկացվող պարապմունքները։
Միաժամանակ օրենքը բացառություններ է նախատեսում։ Հեռախոսը կթույլատրվի օգտագործել, եթե ուսուցիչը դա անհրաժեշտ համարի դաս անցկացնելու կամ գիտելիքները ստուգելու համար, երբ երեխային անհրաժեշտ լինի շտապ կապ հաստատել ծնողների հետ, ինչպես նաև առողջությանը կամ կյանքին սպառնացող վտանգի դեպքում։
Բացի դրանից, դպրոցի տնօրենը իրեն իրավունք կվերապահի թույլատրել սարքի օգտագործումը բժշկական կամ հատուկ պատճառներով, օրինակ՝ եթե երեխային հիվանդության, հաշմանդամության կամ այլ առանձնահատկությունների պատճառով անհրաժեշտ լինի մասնագիտացված սարքավորում կամ հավելված՝ առողջական վիճակը վերահսկելու համար։
Կրթության մասին օրենքից զատ, Նավրոցկին ստորագրել է նաև Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ուժեղացնում են աշխատողների պաշտպանությունը մոբինգից, ինչպես նաև ևս երեք օրենք, այդ թվում՝ ջրային օրենսդրության փոփոխություններ և հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորում։
Ստորագրված նախաձեռնություններից մեկը՝ ֆինանսական գործիքների հրապարակային առաջարկի կանոններում և հավասար վերաբերմունքի հարցերում կատարված փոփոխությունները, նախագահը միաժամանակ ուղարկել է Սահմանադրական դատարան՝ հետագա վերահսկողության շրջանակում։
Source: https://news.am/hy/news/1052577