ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության ընթացակարգը՝ անցկացնելով առաջին փակ «ծղոտե հարցումը» (straw poll)՝ այդ պաշտոնի յոթ հավակնորդների աջակցությունը գնահատելու համար, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իր երկրորդ հնգամյա ժամկետը կավարտի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Պատմության մեջ առաջին անգամ այս պաշտոնում կարող է կին ընտրվել. յոթ թեկնածուների թվում կա չորս կին և երեք տղամարդ։
Ներկա պահին մրցավազքին մասնակցում են. Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, Էկվադորի նախկին արտգործնախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն, արգենտինացի Ռաֆայել Գրոսին, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ղեկավար, կոստառիկացի Ռեբեկա Գրինսպանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ուգանդացի Օլարա Օտուննուն, ՄԱԿ-ում Գայանայի ներկայացուցիչ Քերոլայն Ռոդրիգես-Բիրկետը, Սենեգալի նախկին նախագահ Մակի Սալը։
Թեկնածուների թվում ամենահայտնին համարվում է ԱԷՄԳ-ի-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, սակայն դիտորդները նշում են, որ այս փուլում մրցավազքը հստակ ֆավորիտ չունի։ Ակնկալվում է, որ ընտրության գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։
Դիվանագետներն առայժմ խուսափում են կանխատեսումներից, քանի որ ապագա գլխավոր քարտուղարի որոշման հարցում ավանդաբար առանցքային դեր են խաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այս երկրները դեռ չեն հայտարարել որևէ թեկնածուի սատարելու մասին։
Անվտանգության խորհրդում փուլն անցնելու համար հավակնորդն պետք է ստանա առնվազն 9 ձայն 15-ից և չբախվել հինգ մշտական տերություններից որևէ մեկի վետոյին։
Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո թեկնածությունն ուղարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաստատմանը, որը բաղկացած է կազմակերպության բոլոր անդամ պետություններից։
Source: https://news.am/hy/news/1052584