Էժան ԱԹՍ-ների զանգվածային հարձակումների դեմ պայքարի համակարգերի մշակողները ստիպված են մշտապես մտածել այն մասին, որ խոցման միջոցների արժեքը չգերազանցի բուն թիրախի արժեքը։ Ամերիկյան Lockheed Martin ընկերության բազմակի օգտագործման MORFIUS համակարգը լուծում է այդ խնդիրը։ Դրանում կիրառվում է բարձր հզորության միկրոալիքային ճառագայթման (HPM) տեխնոլոգիա՝ անօդաչու սարքերի երամները չեզոքացնելու համար։
Համակարգն ուղղորդված էլեկտրամագնիսական իմպուլսներ է ստեղծում, որոնք ակնթարթորեն շարքից հանում են անօդաչուի ուղղորդման համակարգի էլեկտրոնիկան։ Ի տարբերություն սովորական խոցիչների՝ HPM-դրոնները միաժամանակ խոցում են մի քանի թիրախ, ինչը դրանք դարձնում է արդյունավետ միջոց համակարգված հարձակումների դեմ։
Միաժամանակ խոցման արժեքը «միանվագ» համակարգերի համեմատ բազմակի նվազում է։ Մեկ թռիչքի ընթացքում MORFIUS-ն ի վիճակի է չեզոքացնել մինչև հիսուն անօդաչու սարք։ Թռիչքից հետո ոչնչացնող դրոնը վերադառնում է «բազա», որտեղ փոխում են դրա մարտկոցը և կրկին ուղարկում խոցման։
MORFIUS-ը կապված չէ որևէ հատուկ ռադարի կամ ուղղորդման համակարգի հետ, ուստի այն կարելի է ինտեգրել ամենատարբեր սենսորների և կառավարման ցանցերի հետ։ Դրոնը արձակվում է խողովակից՝ ցամաքային կամ օդային հարթակից, և նույնիսկ շարժվող փոխադրամիջոցից։
MORFIUS-ի մշակողները այն դիտարկում են որպես բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի տարր, որտեղ դրոնը լրացնում է մյուս միջոցները՝ որպես թշնամական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումների դեմ արդյունավետ և էժան զենք։
Source: https://news.am/hy/news/1052740