Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։

Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Այնուամենայնիվ, բուն թեման նրա համար ավելի քան լուրջ է․ Նիբլեթը համոզված է, որ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է անընդհատ սեռական դաստիարակություն ստանալ՝ դպրոցական նստարանից մինչև հասուն տարիք։ Նրա կարծիքով՝ միայն բաց երկխոսությունը կօգնի նվազեցնել սեքսուալ բռնության մակարդակը և լուծել հարաբերություններում ծագող խնդիրները։

Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։

Վերջերս Նիբլեթը գլխավորել է Սեքսուալ և վերարտադրողական առողջության հարցերով համակուսակցական խորհրդարանական խումբը։ Սեքս-կրթության բարեփոխման նրա նախաձեռնությունն արդեն աջակցություն է ստացել ոլորտի մասնագետների և «Օսկար» մրցանակակիր, հայտնի դերասանուհի Էմմա Թոմփսոնի կողմից։

«Եթե նույնիսկ իմ գործընկերներից ոմանք՝ թվում է թե ամենաառաջադեմ պատգամավորները, այս թեման ծիծաղելի են համարում, դե ինչ, ես անհամբերությամբ սպասում եմ, թե ի վերջո ինչ օգուտ կբերի մեր արշավը», — BBC-ին տված հարցազրույցում նշել է Նիբլեթը։

Պատգամավորն ընդգծել է, որ ամենևին չի զղջում իր անձի հանդեպ ցուցաբերվող մեծ ուշադրության համար․ «Դա ուղղակի հիանալի է։ Մարդիկ սկսել են ինձ ճանաչել փողոցում և ասել․ «Օ՜, դուք այն նույն «սեքս-պատգամավորն» եք, այնպես չէ՞»։ Կարծում եմ՝ քանի դեռ արշավը թափ է հավաքում ողջ երկրում, իմ գործընկերներից ավելի ու ավելի շատերը կդադարեն վախենալ և կսկսեն բացահայտ խոսել այս թեմաներից։ Շատ կարևոր է բարձրախոսը չթողնել նրանց ձեռքում, ովքեր փորձում են արժեզրկել ձեր աշխատանքը, այլ պետք է հետ վերցնել այն»։

Պաշտպանելով սեքս-խաղալիքների վերաբերյալ իր դիրքորոշումը՝ Նիբլեթը նշել է, որ հասարակության համար ժամանակն է ազատվել ինտիմ թեմաների շուրջ մեղքի և ամոթի զգացումից։

«Սեքսի կարևորագույն մասը հաղորդակցությունն ու հաճույքն են։ Եվ այն ստանալու եղանակներից մեկը սեքս-խաղալիքների օգտագործումն է։ Հենց այդ պատճառով է մեր արշավը բացահայտ խոսում դրանց մասին․ մենք ցանկանում ենք հանել տաբուն այս թեմայից։ Զոհերից պահանջում են դատարանում մանրամասն պատմել վերապրած սարսափի և բռնության մասին, բայց միևնույն ժամանակ մենք վախենում ենք բացահայտ խոսել լավ, առողջ սեքսի մասին։ Բայց ինչպե՞ս կարող ենք դիմակայել «վատ» սեքսին, եթե չենք կարող խոսել «լավի» մասին», — հայտարարել է պատգամավորը։

Նիբլեթի կարծիքով՝ հենց լռությունն ու կաշկանդվածությունն են սնում սեքսուալ հանցագործությունները, մինչդեռ առողջ և բաց երկխոսությունը, ընդհակառակը, ընդունակ է կանխել դրանք։

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության (ONS) տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում (ներառյալ մինչև 2025 թվականի մարտը) Անգլիայի և Ուելսի 16 տարեկանից բարձր բնակչության մոտ 15,9%-ը (գրեթե 7,7 միլիոն մարդ) բախվել է սեքսուալ բռնության։ Նրանցից 1,9 միլիոն մարդ դարձել է բռնաբարության զոհ, ընդ որում՝ նրանցից 1,8 միլիոնը կանայք են։

Նիբլեթի նախաձեռնությունն արագորեն միջկուսակցական բախումների առիթ է դարձել։ Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոկը խիստ քննադատության է ենթարկել լեյբորիստներին՝ մեղադրելով նրանց անադեկվատ օրակարգ առաջ մղելու մեջ․ «Ինչո՞վ են նրանք ընդհանրապես զբաղված։ Սեքս-խաղալիքնե՞ր են գովազդում Խորհրդարանում։ Սա բոլորովին նոր իմաստ է տալիս «ջութակ նվագել, քանի դեռ Հռոմն այրվում է» արտահայտությանը»։

Այնուամենայնիվ, Սամանթա Նիբլեթը կոչ է արել սոցիալական կարևոր խնդիրը չվերածել քաղաքական պայքարի գործիքի․ «Ես այս նախաձեռնությամբ հանդես կգայի անկախ նրանից, թե որ կուսակցությանն եմ պատկանում։ Հույս ունեմ, որ բուն արշավը չեն արժեզրկի այն քաղաքական զենք դարձնելու ցանկության պատճառով։ Այո՛, սա քաղաքական հարց է, բայց միայն այն պատճառով, որ սեռական կրթության բարեփոխումը պահանջում է որոշումներ իրականացնել պետական ամենաբարձր մակարդակով»։

Նիբլեթի նախաձեռնությանն աջակցել է նաև նրա կուսակից Ալիսթեր Ստրատերնը։ Նա հանդես է եկել 16-ից 18 տարեկան դեռահասների համար սեռական կրթության և հարաբերությունների դասընթացները պարտադիր դարձնելու առաջարկով։ Հունիսին նա արդեն համապատասխան օրինագիծ է ներկայացրել Խորհրդարան, ինչին նախորդել էր Make It Mandatory շարժման ակտիվիստների կազմակերպած հանրագիրը՝ հավաքելով ավելի քան 106 հազար ստորագրություն։

Source: https://news.am/hy/news/1051871