ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հնարավոր է ժամանակավորապես հետ կանչի գլխավոր դատախազի պաշտոնում Թոդ Բլանշի թեկնածությունը, եթե նրա նշանակմանը դեմ հանդես եկող երկու հանրապետական սենատորները չաջակցեն իր դիրքորոշմանը և չլքեն Կոնգրեսը։
«Ես դեմ չեմ ժամանակավորապես հետ կանչել Թոդի թեկնածությունը, եթե նրանք ճիշտ չվարվեն, և այն վերադարձնել, երբ Քորնինն ու Թիլիսը կլքեն իրենց պաշտոնները»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Սենատի դատական հարցերի հանձնաժողովն ավելի վաղ հետաձգել էր Բլանշի թեկնածության առաջմղման վերաբերյալ քվեարկությունը՝ Թեքսասից սենատոր Ջոն Քորնինի և Հյուսիսային Կարոլինայից սենատոր Թոմ Թիլիսի առարկությունների պատճառով։ Հանրապետականների կողմից մեկ դեմ ձայնը կարող է հանգեցնել առաջադրման տապալմանը։
Ինչպես նշում է NBC News-ը, երկու սենատորներն էլ կասկածներ են հայտնել Բլանշի թեկնածության վերաբերյալ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) հետ Արդարադատության նախարարության համաձայնագրի նկատմամբ իրենց հավակնությունների առնչությամբ, որը կապված է Թրամփի հարկային հայտարարագրերի արտահոսքի հետ։
Քորնինը հայտարարել է, որ Թրամփը սխալվում է, եթե կարծում է, թե այդ համաձայնագրի պայմանների վերաբերյալ մտահոգությունները կիսում են միայն ինքն ու Թիլիսը։ Նա ընդգծել է, որ հարցն ավելի լայն մտահոգություններ է առաջացնում։
Թիլիսը Թրամփի առաջարկն անվանել է «ամենաքիչ քաղաքական զգայուն քայլերից մեկը», որ ինքը տեսել է ներկայիս վարչակազմում։ Սենատորը զգուշացրել է, որ նման դիրքորոշումը կարող է Թրամփի ընդդիմախոսներին՝ լրագրողներին և դեմոկրատներին, լրացուցիչ փաստարկներ տալ ընտրություններից առաջ։
Թիլիսի խոսքով՝ Թրամփը կարող է փորձել Բլանշի հաստատումը Սենատով անցկացնել արդեն այն բանից հետո, երբ ինքն ու Քորնինը հեռանան իրենց պաշտոններից, սակայն այդ դեպքում հետևանքների պատասխանատվությունը կկրի նախագահը։
Հակամարտության պատճառը դարձել է IRS-ին առնչվող հայցի շուրջ կնքված համաձայնագիրը։ Այդ համաձայնագրի շրջանակում Արդարադատության նախարարությունը ստեղծել էր 1,776 միլիոն դոլարի չափով հիմնադրամ՝ պետական կառույցների «քաղաքականացման» դեմ պայքարի համար։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչների քննադատությունից հետո նախարարությունը հրաժարվել է այս նախաձեռնությունից, սակայն Քորնինն ու Թիլիսը պահանջում են այդ որոշումն ամրագրել գրավոր։
Բացի դրանից, սենատորները պահանջում են վերանայել համաձայնագրի այն հատվածը, որը, նրանց համոզմամբ, Թրամփին, նրա ընտանիքի անդամներին և նրան առնչվող ընկերություններին չափազանց մեծ պաշտպանություն է տրամադրում հարկային ստուգումներից։
Թիլիսը հայտարարել է, որ Բլանշը «բարեխղճորեն վարում է բանակցությունները», սակայն բախվում է ավելի բարձրաստիճան պաշտոնյաների դիմադրությանը։ Քորնինը ևս նշել է, որ եթե հարցը լուծվեր միայն իր և Բլանշի միջև, հնարավոր կլիներ համաձայնության գալ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Քորնինը Թեքսասում անցկացված փրայմերիզում պարտվել է այն թեկնածուին, որին աջակցել էր Թրամփը, իսկ Թիլիսը, որը բազմիցս ընդհարվել է նախագահի հետ, Սենատում իր աշխատանքը կավարտի ընթացիկ ժամկետի ավարտից հետո։
Թրամփը հայտարարել է, որ հենց իր գործողություններն են հանգեցրել երկու սենատորների քաղաքական կարիերայի ավարտին։
Source: https://news.am/hy/news/1052582