Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման անդամ հանդիսացող հութիների իրականացրած հարձակումների պատճառով՝ Միացյալ Նահանգները մտադիր է հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Թող Truth [Social]-ի այս հրապարակումը նախազգուշացում լինի այն մասին, որ եթե նրանք կրկնեն դա, Միացյալ Նահանգները պատասխանատվությունը դնելու է Իրանի վրա, քանի որ հութիները վերջինիս հովանավորյալն ու կամակատարն են։ Ռազմական տեսանկյունից խիստ պատժի կենթարկվեն Իրանը և, անշուշտ, հենց իրենք՝ հութիները, որոնք ինձ շատ հիասթափեցրին, քանի որ մինչ այժմ գործում էին բավականին պրոֆեսիոնալ ու ողջամիտ կերպով»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հաստատել է, որ այս զգուշացմամբ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի երկու նավերի ուղղությամբ հութիների հասցրած հարվածների պատճառով։
Հութիները հինգշաբթի օրը հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատար տանկերների՝ Encelia-ի և Layla-ի վրա, որոնք խախտել էին թագավորության դեմ իրենց հայտարարած ծովային շրջափակումը: Բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո հրդեհ է բռկնվել նավերի վրա: Հուլիսի 20-ին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մասին՝ թագավորությանը մեղադրելով Եմենի «ազգային հարստությունների» (նկատի ունենալով նավթային ռեսուրսները) բազմամյա թալանի մեջ: Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան հուլիսի 21-ին հայտարարել է առևտրային նավերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մեկնարկի մասին:
Source: https://news.am/hy/news/1051374