Եվրոպայի երկրները պետք է առողջապահական համակարգերը ծայրահեղ շոգի ժամանակահատվածներին պատրաստեն նույնքան լուրջ, որքան համավարակներին (: Դրա մասին ТАСС-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Հիվանդանոցների պատրաստվածությանը հարկավոր է վերաբերվել նույնքան լուրջ, որքան համավարակին պատրաստ լինելուն. չափից ավելի տաքացած հիվանդասենյակները, ծանրաբեռնված անձնակազմը և շարքից դուրս եկող հովացման ու տեղեկատվական համակարգերն անընդունելի են 21-րդ դարի եվրոպական ամռան պայմաններում»,- ասել է նա:
«Այս ամռան դասերը կոնկրետ և գործնական բնույթ ունեն: Վաղ ազդարարման համակարգերը կյանքեր են փրկում միայն այն դեպքում, եթե դրանց ավտոմատ կերպով հաջորդում են վճռական միջոցառումներ հանրային առողջապահության ոլորտում, այլ ոչ թե միայն հանձնարարականներ բնակչության համար»,- նշել է փորձագետը: Որպես նման միջոցառումներ նա նշել է առավել խոցելի քաղաքացիների վիճակի ստուգումների անցկացումը, հասարակական տարածքների հովացումը և բացօթյա պայմաններում աշխատող մարդկանց աշխատանքային ժամանակացույցի ճշգրտումը:
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը՝ կազմակերպության վեց մասերից մեկը, միավորում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 պետություն, դրանց թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Կովկասի երկրները, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Source: https://news.am/hy/news/1051401