Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ պատերազմի սկզբից ի վեր «խոշորագույն» փաթեթի շրջանակում սահմանափակումներ կմտցնի Բելառուսի նավթավերամշակման գործարանների նկատմամբ, հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: «Մեր թիրախում են հայտնվել ավելի քան 100 բանկեր և կրիպտոօպերատորներ, ստվերային նավատորմի ավելի քան 40 նավ և Ռուսաստանի ու Բելառուսի մի քանի նավթավերամշակման գործարաններ»,- X սոցիալական ցանցում գրել է Կալասը: Նա նշել է, որ պատժամիջոցային ցանկում ընդհանուր առմամբ կա 218 դիրք, դրանց թվում՝ 50 պաշտպանական ձեռնարկություն, որոնց թվում են հեռահար անօդաչու թռչող սարքեր արտադրողները: Միաժամանակ Կալասն ընդգծել է, որ սա «ճանապարհի ավարտը չէ», և ԵՄ-ն արդեն աշխատում է նոր պատժամիջոցների վրա:
Բելառուսն ունի երկու՝ Մոզիրի և Նովոպոլոցկու նավթավերամշակման գործարանները: Ընդհանուր առմամբ դրանք ունակ են վերամշակել տարեկան 24 միլիոն տոննա նավթ: Դա Բելառուսին հնարավորություն է տալիս բավարարել սեփական կարիքները և նավթամթերք մատակարարել ռուսական շուկա, ինչպես նաև այլ երկրներ: Նավթամշակման գործարաններին ուկրաինական հարվածներից հետո, երբ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամ բռնկվեց, Մոսկվան Մինսկից վառելիքի գնումներն ավելացրեց՝ հասցնելով պատմական ռեկորդի: Հունիսին բելառուսական նավթավերամշակման գործարաններից ռուսական շուկա ավտոբենզինի մատակարարումները գերազանցել են 181 հազար տոննան, ինչը եռակի շատ է, քան մայիսին (77 հազար տոննա), Reuters-ին հայտնել են ոլորտի աղբյուրները: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակի արդյունքներով Բելառուսից բենզինի գնումները թռիչքաձև աճել են 20 անգամ՝ հասնելով 453 հազար տոննայի:
Միաժամանակ հունվար-հունիս ամիսներին հնգապատկվել է Բելառուսից դիզելային վառելիքի ներմուծումը՝ հասնելով 256 հազար տոննայի: Բացի դրանից, հունիսին Ռուսաստան է առաքվել ավելի քան 16 հազար տոննա բելառուսական ավիացիոն վառելիք՝ եռակի շատ, քան մայիսին: Միաժամանակ, Բելառուսից ներկրվող բենզինը էապես թանկ է ռուսականից. այն արժե շուրջ 111 հազար ռուբլի՝ մեկ տոննա Աի-92-ի համար և 124 հազար ռուբլի՝ մեկ տոննա Աի-95-ի համար: Համեմատության համար՝ Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային բորսայի մեծածախ գնանշումները հուլիսի 23-ի դրությամբ կազմել են համապատասխանաբար 71,79 հազար և 76, 38 հազար ռուբլի:
Մինչդեռ Բելառուսից մատակարարումները հազիվ թե կարողանան փոխել ռուսական վառելիքային շուկայի հավասարակշռությունը, նշել է տնտեսագետ Կիրիլ Ռոդիոնովը: Նրա խոսքով՝ բելառուսական նավթավերամշակման գործարանները տարեկան արտադրում են մոտ 3,5 միլիոն տոննա բենզին, ինչը քիչ է նույնիսկ մեկ Օմսկի նավթավերամշակման գործարանի արտադրանքից (5 միլիոն տոննա), իսկ արտահանման Բելառուսն ուղարկում է տարեկան մոտ 2,3 միլիոն տոննա, ինչը քիչ է, քան Ռուսաստանը սպառում է մեկ ամսում: Ընդհանուր առմամբ, ռուսական իշխանությունները պատրաստվում էին արտերկրից ամսական գնել 400 հազար տոննա բենզին: Բացի Բելառուսից, գնումներ են սկսվել Հնդկաստանից, որը Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո դարձել է ռուսական նավթի ծովային խմբաքանակների խոշորագույն գնորդը:
Source: https://news.am/hy/news/1051408