ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
«Մեսսիին լավ հսկում էին, ու հանկարծ նա հայտնվեց աջ կողմում, մինչդեռ նրան հսկող մեծագույն խաղացողը պարզապես կանգնած էր այնտեղ։ Մեսսին գոլ խփեց, և խաղն այդքանով ավարտվեց։ Որքա՞ն լավն է Մեսսին. նա հեթ-տրիկ ձևակերպեց։ Կարծում եմ՝ դա շատ հազվադեպ երևույթ է ձեր մարզաձևում, այնպես չէ՞»,- նշել է նա։
«Ես գոլֆ եմ խաղացել Հարի Քեյնի հետ (Անգլիայի հավաքականի հարձակվող խմբ.), և նա հրաշալի տղա է։ Կարծում եմ՝ նրանք, հնարավոր է, սխալ թույլ տվեցին՝ նրան պաշտպանության խաղացող դարձնելով։ Նրանք վերցրին իրենց լավագույն խաղացողին ու դրեցին պաշտպանությունում։ Դա մի փոքր արտասովոր էր»,- հավելել է Թրամփը։
Թրամփը խոսել է նաև ԱՄՆ հավաքականի խաղացող Բալոգունի ստացած կարմիր քարտի մասին. «Եթե Ջանին (ՖԻՖԱ-ի նախագահ խմբ.) թույլ չտար Բալոգունին խաղալ, մենք կասեինք՝ «մենք կհաղթեինք խաղը, եթե ունենայինք մեր լավագույն խաղացողին»։ Ջանին ճիշտ որոշում կայացրեց»։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ ճանաչում է Քրիշտիանու Ռոնալդուին՝ նրան անվանելով հրաշալի տղա։
ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն, իր հերթին, դիմելով Թրամփին, հայտարարել է. «Դուք գովեստի խոսքերի կարիք չունեք, բայց այս աշխարհի առաջնությունն այսպիսի անհավանական հաջողություն չէր ունենա առանց Ձեզ։ Անշուշտ, այս առաջնությունը գերազանցեց բոլոր սպասելիքները»։
Source: https://news.am/hy/news/1050496