CNN հեռուստաալիքի նոր հարցումը, որն անցկացրել է SSRS հետազոտական ընկերությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության ռեկորդային ցածր մակարդակ է ցույց տվել։ Հետազոտության տվյալներով՝ ամերիկացիների 73%-ը կարծում է, որ նա բավարար ուշադրություն չի դարձնում երկրի ամենակարևոր խնդիրներին, և միայն 27%-ն է հայտարարում, որ նախագահը ճիշտ է դասավորում առաջնահերթությունները։

Վարկանիշների անկումը տեղի է ունենում Իրանի հետ հակամարտության, տնտեսության և գների աճի վերաբերյալ Թրամփի քաղաքականությունից աճող դժգոհության ֆոնին։ Հարցվածների մոտ երկու երրորդը կարծում է, որ նախագահի վարչակազմի գործողությունները վատթարացրել են տնտեսական իրավիճակը, իսկ Իրանի վերաբերյալ նրա որոշումները վնաս են հասցրել ԱՄՆ-ին։

Ամերիկացիների մոտ երեք քառորդը հայտարարել է, որ Թրամփը չի հասկանում այն խնդիրները, որոնց առօրյա կյանքում բախվում են շարքային քաղաքացիները։

Նախագահի աշխատանքին հավանություն են տվել հարցվածների 34%-ը, ինչը համապատասխանում է իշխանության ղեկին նրա գտնվելու ամբողջ ընթացքում արձանագրված նվազագույն ցուցանիշին։ Ամերիկացիների կեսը հայտարարել է, որ «վճռականորեն չի հավանում» նրա աշխատանքը, ինչը ռեկորդային մակարդակ է դարձել Թրամփի նախագահական երկու ժամկետների ընթացքում։ Նրան ուժեղ աջակցություն հայտնողների մասնաբաժինը նվազել է շուրջ 15%:

Նույնիսկ հանրապետականների շրջանում Թրամփի դիրքերը թուլացել են. նրա վարկանիշը կուսակցության ներսում իջել է մինչև 78%: Հանրապետական կուսակցության կողմնակիցների միայն 19%-ն է հայտարարել, որ ոգևորությամբ է վերաբերվում նրա երկրորդ ժամկետի շարունակմանը, մինչդեռ գարնանն այս ցուցանիշը կազմում էր 38%:

Ամենացածր գնահատականները Թրամփը ստանում է Իրանին, գնաճին և վառելիքի գներին առնչվող հարցերում.

28%-ը հավանություն է տալիս Իրանի նկատմամբ նրա գործողություններին, 25%-ը հավանում է գմաճի դեմ պայքարի քաղաքականությունը, 21%-ը հավանություն է տալիս բենզինի գների նվազեցմանն ուղղված միջոցառումներին։

Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են ակնկալում տևական ռազմական հակամարտություն։ Հարցվածների միայն մոտ մեկ քառորդն է կարծում, որ Թրամփն ունի հստակ ծրագիր Իրանի իրավիճակի վերաբերյալ (ցուցանիշը նվազել է հակամարտության սկզբում գրանցված 40%-ից)։ Բացի դրանից, հարցվածների 62%-ը Թրամփին համարում է անարդյունավետ համաշխարհային առաջնորդ։

Ամերիկացիների միայն մեկ քառորդն է հայտարարել, որ Իրանի հետ հակամարտությունն արդարացնում է դրա հետ կապված ծախսերը և ամերիկացիների շրջանում կորուստները։

Հակամարտության տնտեսական հետևանքները ևս ուժեղացնում են դժգոհությունը։ Հարցվածների 74%-ը հայտարարել է, որ բենզինի գների աճն արդեն որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար, իսկ 71%-ը համարում է, որ Թրամփը բավարար քայլեր չի ձեռնարկել առօրյա ապրանքների արժեքը նվազեցնելու համար։

Երկրի ներսում նախագահի համար մնում են միայն մի քանի ուղղություններ, որտեղ աջակցության մակարդակը գերազանցում է 40%-ը. 41%-ն աջակցում է ընտրական իրավունքների և ընտրությունների անվտանգության ոլորտում նրա քաղաքականությունը, 39%-ը՝ միգրացիոն հարցերով աշխատանքը, 35%-ը՝ դաշնային կառավարման համակարգում գործողությունները։

Ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է գնահատում Թրամփի մի շարք խոշոր նախաձեռնություններ։ 58%-ը հայտարարել է, որ դժգոհություն կամ վրդովմունք է զգում Վաշինգտոնում նախագահի շինարարական նախագծերի պատճառով, ներառյալ Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի կառուցման և քաղաքային որոշ օբյեկտների վերակառուցման ծրագրերը։

Հարցվածների մոտ երկու երրորդը կարծում է, որ Թրամփն անձնական շահերը երկրի շահերից վեր է դասում։ Մեծամասնությունը նաև բացասաբար է գնահատում նրա եկամուտները նախագահության ընթացքում. 57%-ը վատ փաստ է համարում այն, որ իշխանության ղեկին գտնվելու ընթացքում նա վաստակել է ավելի քան 2 միլիարդ դոլար՝ ներառյալ կրիպտոարժույթից, անշարժ գույքից և այլ ակտիվներից ստացված եկամուտները։

Նույնիսկ Թրամփի կողմնակիցների շրջանում այդ նախաձեռնությունները միանշանակ աջակցություն չեն ստացել. հանրապետականների միայն 43%-ն է դրական վերաբերվում նրա շինարարական նախագծերին, իսկ շատերը դրանք անէական են համարում։

Source: https://news.am/hy/news/1052308