Ֆրանսիան կարգադրել է երկրից արտաքսել ռուսաստանցի լրագրող, RT հեռուստաալիքի նախկին աշխատակից Քսենյա Ֆեոդորովային՝ մեղադրելով նրան ֆրանսիական լրատվամիջոցների միջոցով կրեմլյան քարոզչություն տարածելու մեջ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ինչպես չորեքշաբթի հայտնել են Ֆրանսիայի ՆԳՆ-ում, որոշումը կապված է այն մեղադրանքների հետ, որ Ֆեոդորովան օգտագործել է հեռուստատեսությամբ և ռադիոյով իր ելույթները ռուսական նարատիվներն առաջ մղելու համար։
Ապատեղեկատվության հարցերով փորձագետներն ավելի վաղ նախազգուշացնում էին ռուսական պետական RT հեռուստաալիքի նախկին լրագրողի ազդեցության մասին, հատկապես Ֆրանսիայում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունների նախապատրաստման հետնապատկերին։
Libération պարբերականի տվյալներով՝ արտաքսման մասին կարգադրության մեջ ասվում է.
«Ֆեոդորովան գործել է որպես ռուսական իշխանությունների կազմակերպած ապատեղեկատվության արշավների ուղեկցող, որոնց նպատակն իբր Ֆրանսիայում հասարակական կարգն ապակայունացնելն է եղել»։
RT-ի ֆրանսիական ստորաբաժանումը փակվել էր 2023 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից մեկ տարի անց։ Սակայն ալիքի փակումից հետո Ֆեոդորովան շարունակել է աշխատել ֆրանսիական մեդիադաշտում՝ դառնալով պահպանողական միլիարդատեր Վենսան Բոլորեի մեդիահոլդինգին առնչվող պարբերականների մեկնաբան։
Նա պարբերաբար հայտնվում է CNews հեռուստաալիքով, Europe 1 ռադիոկայանով, ինչպես նաև սյունակ է վարում Le Journal du Dimanche պարբերականում, որտեղ, քննադատների կարծիքով, տարածում է Ուկրաինայի և Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների հարցերի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումները։
Source: https://news.am/hy/news/1052313