Harvard-ում կրթություն ստացած Citigroup-ի նախկին գործադիր տնօրեն Էդվարդ Ջին Սմիթը Մանհեթենի դաշնային դատարանը դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ սեռական հանցագործությունների համար, որոնք, դատախազության տվյալներով, շարունակվել են շուրջ տասը տարի, հայտնում է Associated Press-ը։

50-ամյա Սմիթը խոստովանել է մեղքը սեռական հանցագործությունների, մանկական պոռնոգրաֆիա ձեռք բերելու և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով։

Դատավարության ընթացքում նրա փաստաբանները հայտարարել են, որ աուտիզմի սպեկտրի խանգարումը եղել է «հիմնական գործոնը», որը նպաստել է նրա հանցագործություններին։ Պաշտպանության գնահատմամբ՝ Սմիթը «կործանված» էր, երբ իմացել էր, որ կանայք, որոնց նա համարում էր իր ռոմանտիկ զուգընկերուհիները, տեղի ունեցածը սեռական բռնություն և բռնաբարություն են ընկալել։

Դատախազությունը կտրուկ մերժել է այդ փաստարկը՝ հանցագործությունների և աուտիզմի միջև կապի մասին պնդումներն անվանելով «վիրավորական անհեթեթություն» և «բիծ աուտիզմ ունեցող մարդկանց վրա»։ Մեղադրանքի կարծիքով՝ Սմիթի գործողությունները գիտակցված և մանրակրկիտ ծրագրված էին։

Քննությամբ պարզվել է, որ 2015-2024 թվականներին Սմիթն օգտագործել է հաջողակ բանկային ղեկավարի իր դիրքը՝ հավանական զոհերի վստահությունը շահելու համար։ Դատախազության տվյալներով՝ նա այլ երկրներից և ԱՄՆ տարբեր նահանգներից երիտասարդ կանանց հրապուրել է Նյու Յորքի Կենտրոնական պարկի շրջանի իր բնակարան՝ խոստանալով ֆինանսական օգնություն, որից հետո թմրանյութեր է կիրառել և սեռական բռնություն գործադրել։

Դատախազները հայտարարել են, որ Սմիթը խոստովանել է, որ մեկ կնոջ թմրանյութ է տվել՝ բռնաբարելու նպատակով, իսկ մյուսին հրապուրել է ժամանել Նյու Յորք, որտեղ նույնպես ոտնձգել է նրան։

Բացի դրանից, մեղադրանքը հայտնել է, որ նրա մոտ հայտնաբերվել են երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերով տասնյակ հազարավոր ֆայլեր, դրանց թվում՝ մանուկների մասնակցությամբ պատկերներ։

«Նա այդ սարսափելի հանցագործությունները կատարում էր՝ թաքնվելով կրթված բանկային ղեկավարի կերպարի հետևում, օգտագործելով իր արտաքին համբավը՝ զոհեր ներգրավելու և մերկացումից խուսափելու համար»,- հայտարարել են դատախազները։

Սմիթը Citigroup-ում աշխատել է 2021 թվականից մինչև 2024 թվականին իր ձերբակալությունը։ Բանկում հայտնել են, որ հետաքննության սկսվելուց հետո նրան անմիջապես ազատել են աշխատանքից, և որ ընկերությունը համագործակցել է իրավապահ մարմինների հետ։

Դատավորին ուղղված նամակում Սմիթը գրել է, որ «բոլորի համար ակնհայտ է, որ ինքը հաջողության գագաթից հասել է խայտառակության անդունդին», սակայն նշել է, որ ցանկանում է՝ իրեն ընկալեն մարդ, որն իր սխալները թողել է անցյալում։

Դատախազությունը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սմիթը նախկինում ինքն էր գրել սեռական բռնության բնույթի մասին։ 1998 թվականին, երբ նա Harvard-ի ուսանող էր, համալսարանական The Harvard Crimson պարբերականում հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, թե այն մարդու կատարած բռնաբարությունը, որին զոհը վստահել է, առանձնապես տրավմատիկ է։

Source: https://news.am/hy/news/1052318