ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Կիպրոսում երկարամյա հակամարտության լուծումը «բացարձակապես անհրաժեշտ է» Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի կայունացման համար, որտեղ շարունակվող ճգնաժամերը կարող են հանգեցնել լարվածության նոր սրման, հաղորդում է Associated Press-ը։

Կղզի երկօրյա հազվադեպ այցի ընթացքում Գուտերեշն ընդգծել է հույն-կիպրական և թուրք-կիպրական կողմերի միջև արդեն մի քանի տարի փակուղում հայտնված խաղաղ բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամությունը։

«Ես իսկապես կարծում եմ, որ կիպրական խնդրի լուծումը բացարձակապես անհրաժեշտ է ոչ միայն Կիպրոսի ժողովրդի շահերն ու խաղաղությունը պահպանելու համար, այլև որպես կայունության գործոն մի տարածաշրջանում, որը վտանգավոր անկայուն է դառնում»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը երկու համայնքների առաջնորդների հետ հանդիպումից հետո։

Կիպրոսը մնում է բաժանված 1974 թվականից, երբ Թուրքիան զորքեր մտցրեց կղզի՝ Հունաստանի ռազմական խունտայի աջակցությամբ իրականացված պետական հեղաշրջումից հետո, որի կողմնակիցները հանդես էին գալիս Հունաստանի հետ միավորման օգտին։ Գրեթե տասը տարի անց թուրք-կիպրական կողմը հայտարարեց կղզու հյուսիսում սեփական պետության ստեղծման մասին, որը ճանաչում է միայն Թուրքիան։

Կիպրոսի հյուսիսում տեղակայված են ավելի քան 35 հազար թուրք զինծառայողներ։ 2004 թվականին Կիպրոսի Հանրապետությունը միացավ Եվրամիությանը, սակայն անդամակցության լիարժեք առավելությունները տարածվում են միայն կղզու հարավային մասի վրա, որը վերահսկում է միջազգային ճանաչում ունեցող կառավարությունը։

Կիպրոսը նաև ռազմավարական նշանակություն է ձեռք բերել Մերձավոր Արևելքի հարևանությամբ գտնվելու պատճառով։ Կղզին գտնվում է Լիբանանից մոտ 200 կիլոմետր և Իսրայելից շուրջ 340 կիլոմետր հեռավորության վրա, ինչը նրան հնարավորություն է տվել դառնալ տարածաշրջանում ԵՄ կարևոր գործընկեր, հատկապես էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։

Սակայն հակամարտությունների գոտուն մոտ լինելը նաև նոր ռիսկեր է ստեղծում։ Մարտին Shahed անօդաչուն, որն, ըստ իշխանությունների տվյալների, արձակվել էր Լիբանանի տարածքից, հարված է հասցրել կղզու հարավում տեղակայված բրիտանական ռազմական բազայի անգարին։

Գուտերեշը հայտարարել է, որ պատրաստ է հրավիրել «5+1» ձևաչափով հանդիպում՝ հույն-կիպրական և թուրք-կիպրական համայնքների առաջնորդների, Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ։ Սակայն նա նշել է, որ բանակցությունների հաջողությունն ապահովելու համար լրացուցիչ նախապատրաստություն է անհրաժեշտ։

Համաձայնագրի հեռանկարները դեռևս անորոշ են։ ՄԱԿ-ը հանդես է գալիս երկգոտի դաշնային Կիպրոսի ստեղծման օգտին՝ հույն-կիպրական և թուրք-կիպրական երկու գոտիներով։ Միաժամանակ Թուրքիան պնդում է երկու անկախ պետությունների մոդելով լուծումը, ինչը կտրականապես մերժում է հույն-կիպրական կողմը։

Թուրք-կիպրացիները հունական համայնքին մեղադրում են իշխանությունը հավասար պայմաններով կիսելու ցանկության բացակայության մեջ, մինչդեռ հույն-կիպրացիները երկու պետության տարբերակը համարում են կղզու փաստացի վերջնական բաժանում։ Նրանք նաև դեմ են թուրքական զորքերի մշտական ներկայությանը և Անկարայի՝ Կիպրոսի ներքին գործերին միջամտելու իրավունքին։

Source: https://news.am/hy/news/1052329