Հույն իրավապահները Իգումենիցա նավահանգստում առգրավել են ավելի քան 2 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութերի խոշոր խմբաքանակ, հայտնում է Kathimerini-ն։

Գործողությունն իրականացրել են Հունաստանի առափնյա պահպանության աշխատակիցները երեքշաբթի երեկոյան նպատակային ստուգման ժամանակ։ Արդյունքում ձերբակալվել է Հունաստանի 54-ամյա մի քաղաքացի, որը կասկածվում է թմրամիջոցների շրջանառության մասին օրենսդրությունը խախտելու մեջ։

Ստուգումն իրականացրել է թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանումը՝ կինոլոգիական խմբի և Իգումենիցայի Կենտրոնական նավահանգստային վարչության անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։

Թմրանյութերը հայտնաբերվել են կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում, որը դրանից քիչ առաջ բեռնաթափվել էր Իտալիայից ժամանած մարդատար-բեռնատար լաստանավից։

Զննման ժամանակ հայտնաբերվել է skunk տեսակի հիդրոպոնիկ եղանակով աճեցված մարիխուանայի 82 հերմետիկ պլաստիկ փաթեթ։ Առգրավված նյութի ընդհանուր քաշը կազմել է 92 կգ 510 գրամ։

Բացի դրանից, իրավապահները հայտնաբերել են մետադոնով երկու տարա՝ 108,3 գրամ ընդհանուր քաշով։

Իշխանությունների գնահատականներով՝ եթե ամբողջ խմբաքանակը հայտնվեր անօրինական շուկայում, թմրավաճառների եկամուտները կարող էին գերազանցել 2 միլիոն եվրոն։

Բացի թմրանյութերից, ոստիկանությունն առգրավել է երկու բջջային հեռախոս, ինչպես նաև կցորդիչով բեռնատարը, որը կփոխանցվի Իգումենիցայի մաքսային ծառայությանը։

Հետաքննությունը վարում է Իգումենիցայի Կենտրոնական նավահանգստային վարչությունը։ Իրավապահները պարզում են բեռի փոխադրման երթուղին, դրա վերջնական ստացողին, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության սխեմային այլ մասնակիցների հնարավոր ներգրավվածությունը։

Source: https://news.am/hy/news/1052315