ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել գրող Է. Ջին Քերոլին զրպարտության գործով 83,3 միլիոն դոլար վճարելու որոշումը, հայտնում է Axios-ը։
Հայցը կապված է 2019 թվականին Թրամփի արած հայտարարությունների հետ, երբ նա, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, հերքում էր 1990-ականներին սեռական բռնության վերաբերյալ Քերոլի մեղադրանքները և կասկածի տակ էր դնում նրա խոսքերը՝ հայտարարելով, որ նա հորինել է պատմությունը։
Թրամփի փաստաբանները պնդում են, որ նա պետք է պաշտպանված լինի նախագահական անձեռնմխելիությամբ, քանի որ այդ հայտարարություններն արել է իշխանության ղեկին գտնվելու ժամանակ և պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք կապված են եղել ԱՄՆ նախագահի պաշտոնին նրա պիտանիության հետ։
Ավելի վաղ Թրամփի պաշտպանությունն ապարդյուն փորձում էր բողոքարկել դատարանի որոշումը երկրորդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի մակարդակով։ Այժմ փաստաբաններ Ռոբերտ Ջիֆրան և Մայքլ Մարտինիչ-Սաութերը հայտարարում են, որ վերաքննիչ դատարանը փաստացի չի քննարկել նախագահական անձեռնմխելիության կիրառելիության հարցը, այլ մերժել է բողոքը դատավարական հիմքերով։
Պաշտպանական կողմի կարծիքով՝ եթե որոշումն ուժի մեջ մնա, դա վտանգավոր նախադեպ կստեղծի և կթուլացնի ԱՄՆ ապագա նախագահների դիրքերը, քանի որ նրանք կարող են բախվել դատական հայցերի՝ պարտականությունների կատարման ժամանակ արված հրապարակային հայտարարությունների պատճառով։
Թրամփի և Քերոլի միջև հակամարտության պատմությունը սկսվել է 2019 թվականին, երբ գրողը նրան մեղադրեց 1990-ականներին Նյու Յորքի հանրախանութում սեռական ոտնձգության մեջ։ Թրամփը հերքեց մեղադրանքները, ինչից հետո հետևեցին բազմամյա դատական քննություններ։
2023 թվականի մայիսին երդվյալ ատենակալները Թրամփին պատասխանատու ճանաչեցին սեռական բռնության և 2022 թվականին արած զրպարտչական հայտարարությունների համար՝ պարտավորեցնելով նրան 5 միլիոն դոլար վճարել Քերոլին։
2024 թվականի հունվարին երդվյալ ատենակալների մեկ այլ կոլեգիա Թրամփի՝ 2019 թվականին արված հայտարարությունների համար Քերոլին ևս 83,3 միլիոն դոլարի փոխհատուցում վճարելու դատավճիռ ընդունեց։
Գերագույն դատարանը վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է քննում Քերոլին առնչվող գործերը։ Հունիսին դատարանը հրաժարվել էր ընդունել Թրամփի վերաքննիչ բողոքը 5 միլիոն դոլարի վճարման գործով, սակայն նրա թիմը խնդրել է վերանայել այդ որոշումը։
Source: https://news.am/hy/news/1052312