Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության տեղեկատվության նախարարը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ Իրանի աջակցությունը վայելող հութիների շարժումը նավերից Կարմիր ծովով անցման համար վճարների գանձման համակարգ է նախապատրաստում։

Նրա գնահատմամբ՝ դա կարող է նոր սպառնալիք դառնալ համաշխարհային ծովային կարևորագույն երթուղիներից մեկի համար՝ Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումից հետո։

Նախարար Մոամմար ալ-Էրյանին գանձումների հնարավոր ներդրումն անվանել է «վտանգավոր սրացում», որը կարող է աշխարհի ամենառազմավարական ծովային միջանցքներից մեկը վերածել հութիների ռազմական գործունեության ֆինանսավորման մշտական աղբյուրի։

Պաշտոնյան նշել է, որ վերջերս ստացված հետախուզական տվյալները մատնանշում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնագետներն ու խորհրդականներն հութիներին օգնում են ստեղծել նոր մեխանիզմի տեխնիկական և վարչական կառուցվածքը։

«Իրանցի մասնագետներն ու խորհրդականներն անմիջականորեն մասնակցում են նախագծի տեխնիկական և վարչական հիմքերի մշակմանը»,- հայտարարել է ալ-Էրյանին։

Նրա տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է առանձին կառույցի ստեղծում, որը պատասխանատու կլինի նավագնացության ընկերություններից և առևտրային նավերից վճարումների հավաքագրման համար։

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը մնում է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության գլխավոր աղբյուրներից մեկը։ Թեհրանը պնդում է այդ երթուղով անցնելու համար վճար գանձելու իր իրավունքը, որով նախկինում անցնում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ աճում են մտավախությունները, որ հութիները կարող են փորձել նմանատիպ մոդել կիրառել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում՝ Կարմիր ծովի մուտքի մոտ գտնվող նեղ անցումում, որով անցնում է համաշխարհային առևտրի նշանակալի մասը։

Կարմիր ծովում և Ադենի ծոցում Իսրայելի հետ կապված նավերի վրա հութիների հարձակումներն արդեն հանգեցրել են փոխադրումների ծավալների կտրուկ անկմանը Գազայի պատերազմի ընթացքում։ Շատ ընկերություններ ստիպված են եղել նավերը վերաուղղորդել Աֆրիկայի հարավով, ինչը նշանակալիորեն ավելացրել է առաքման ժամկետներն ու արժեքը։

Source: https://news.am/hy/news/1052328