Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում հաստիքների կրճատումներն ու կադրային փոփոխությունները բացառապես օպտիմալացման գործընթացի արդյունք են և որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։ Այս մասին Factor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով Արփինե Սողոյանին բաժնի վարիչի պաշտոնից ազատելու թեման։
Արձագանքելով հարցին, թե արդյոք այս որոշումը կապված չէ այն աղմկահարույց միջադեպի հետ, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ ու հուզական լեզվակռվի մեջ էր մտել Սողոյանի հետ, Երևանի քաղաքապետը կտրականապես հերքել է նման մեղադրանքները․ «Այս հարցի լուծումը որևէ կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, դա օպտիմալացման շատ ժամանակին ընդունված որոշում էր»։
Քաղաքապետը պարզաբանել է, որ այս գործընթացը համակարգային բնույթ է կրում և սկսվել է միջադեպից դեռ շատ առաջ. «Ընդհանրապես, օպտիմալացումը մեզ մոտ սկսվել է դեռ 2022 թվականից. բժշկական կենտրոնները միավորվում են, և այդ գործընթացը շարունակական է ու դեռ չի ավարտվել»։ Ավինյանը նաև հավելել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվելու են. «Ավելին՝ այնտեղ դեռ սպասվում են նոր կադրային փոփոխություններ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ բոլոր տեղափոխություններն ու ազատումներն արվում են բացառապես քաղաքային բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, այլ ոչ թե քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ ու հուզական լեզվակռվի մեջ էր մտել թիվ 16 պոլիկլինիկայի բաժնի վարիչ Արփինե Սողոյանի հետ (որը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորական բժշկի քույրն է), երբ վերջինս քննադատել էր իշխանությունների քայլերը։ Որոշ ժամանակ անց Սողոյանը, որն ավելի քան 20 տարի աշխատել էր այդ բուժհաստատությունում, ազատվել էր աշխատանքից։ Քաղաքապետարանը պայմանագրի լուծարման պաշտոնական պատճառ էր նշել «հաստիքի կրճատումը»։
Source: https://news.am/hy/news/1050182