«Ռոսսելխոզնադզորը» Իրանից խնդրել է ժամանակավորապես դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը՝ Ռուսաստան արտահանելու համար, հայտնել են ռուսական գերատեսչությունից։

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի Բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը Ռուսաստան արտահանելու համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ 2026 թվականին իսլամական հանրապետությունից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Փաստաթղթերում որպես ծագման երկիր նշվել է Իրանը։ Միաժամանակ, արտադրանքի արտաքին հատկանիշներով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն արտադրանքի հետ, որը մատակարարվում էր Հայաստանից։ Մինչդեռ մայիսի 22-ից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումն արգելված է։

«Ռոսսելխոզնադզորը» նախկինում արդեն տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին»,- նշել են գերատեսչությունում։

Իրանական կողմից պատասխան չստանալու պատճառով, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու, ինչպես նաև «Ռոսսելխոզնադզորի» սահմանած արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, ծառայությունը խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումն ու հարցի պարզաբանումը։

Source: https://news.am/hy/news/1050351