Բացատրություն նրանց համար, ովքեր լսել են «վիզաների ազատականացում» բառակապակցությունը, բայց մինչև վերջ չեն պատկերացնում, թե դա ի՞նչ է նշանակում:
2024 թվականի սեպտեմբերին Բրյուսելն ու Երևանը սկսեցին մի գործընթաց, որի մասին վերջին տարվա ընթացքում տասնյակ անգամներ գրվել է՝ «վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն»։ Խոստումնալից է հնչում, և շատերը դա ընկալեցին, որ շուտով «ԵՄ-ի հետ կունենանք առանց վիզայի ռեժիմ»։ Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է կառուցված, և հենց այդ բարդության պատճառով այս թեմայի շուրջ բազմաթիվ թյուրըմբռնումներ են կուտակվել՝ չափազանցված սպասումներից, որ «մեկ տարուց առանց վիզայի կմեկնենք Եվրոպա» մինչև այն ամենի թերագնահատումը, ինչն իրականում արդեն փոխվել է։
Հերթով վերլուծում ենք՝ ինչ ունենք այս պահին, ինչ է խոստանում գործընթացը, որքան ժամանակ այն կարող է խլել և ինչու ոչինչ ավտոմատ կերպով երաշխավորված չէ։Նախ այն մասին՝ ինչն արդեն կա. վիզաների տրամադրման դյուրացում (2014 թվականից)
Սա կարևոր է առանձին շեշտել, քանի որ վիզային ռեժիմի դյուրացումը (visa facilitation) և վիզաների ազատականացումը (visa liberalisation) տարբեր բաներ են։
2014 թվականի հունվարի 1-ից գործում է ԵՄ-ի և Հայաստանի միջև Վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագիրը։ Այն չի չեղարկում վիզաների անհրաժեշտությունը, բայց դրա ստացումը դարձնում է ավելի էժան և պարզ՝ նվազեցված վճարներ, փաստաթղթերի պարզեցված փաթեթ դիմորդների մի շարք կատեգորիաների համար, Շենգենյան գոտի բազմակի մուտքով վիզաների ավելի լայն հասանելիություն։
Զուգահեռաբար, 2014 թվականին ուժի մեջ է մտել Ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը. այն կողմերին պարտավորեցնում է հետ ընդունել իրենց քաղաքացիներին, ովքեր մյուս երկրի տարածքում գտնվում են առանց իրավական հիմքերի։ Ռեադմիիսիայի հարցերով կոմիտեն 2014 թվականից ի վեր անցկացրել է արդեն 9 հանդիպում, իսկ Վիզաների դյուրացման հարցերով կոմիտեն՝ 7։ Երկու մեխանիզմներն էլ գործում են, և հենց դրանց արդյունավետ աշխատանքն է այն գործոններից մեկը, որը ճանապարհ հարթում դեպի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի համար։ Այս ամենը գործում է այսօր և կշարունակի աշխատել՝ անկախ նրանից՝ կլինի վիզաների ազատականացում, թե ոչ։
Այլ կերպ ասած՝ վիզաների դյուրացումը նշանակում է, որ վիզա ստանալու գործընթացը դարձել է ավելի հեշտ։ Ազատականացումը նշանակում է, որ վիզա հարկավոր չէ։ Սրանք իրենց մասշտաբով սկզբունքորեն տարբեր բաներ են, և առաջինից երկրորդին անցումը ավտոմատ չի կատարվում: Այն պահանջում է կոնկրետ պայմանների կատարում։
Եվս մեկ կարևոր հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում. երբ ի վերջո ներդրվի առանց վիզայի ռեժիմը, դրանից կկարողանան օգտվել միայն ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ) ստանդարտներին համապատասխանող կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրեր ունեցող քաղաքացիները։
NEWS.am-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունում հայտնեցին, որ ապրիլին հրապարակված և մայիսյան գագաթնաժողովին փոխանցված զեկույցը միևնույն փաստաթուղթն է։ Այն ընդունվել է Եվրահանձնաժողովի կողմից ապրիլի 30-ին և պաշտոնապես հանձնվել Հայաստանի իշխանություններին մայիսի 5-ին՝ գագաթնաժողովի ընթացքում։ Առաջընթացի հաջորդ զեկույցը սպասվում է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։
Ի դեպ, 2019 թվականից ի վեր Բրյուսելը վիզային երկխոսության գործընթացլչի սկսել ոչ մի այլ երկրի հետ։ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որի հետ նման գործընթացն ակտիվորեն առաջ է ընթանում։
VLAP-ը ընդհանուր հռչակագիր չէ, այլ կոնկրետ պահանջների մանրամասն ցանկ՝ բաժանված չորս բլոկի։ Ընդ որում, չափանիշներն ունեն երկմակարդակ կառուցվածք. նախ պետք է ստեղծել օրենսդրական և ինստիտուցիոնալ բազա (առաջին մակարդակ), իսկ հետո ապացուցել, որ այն իրականում կայուն կերպով գործում է (երկրորդ մակարդակ)։ Միայն առաջին մակարդակն անցնելը բավարար չէ. Եվրահանձնաժողովը երկու փուլերն էլ գնահատում է առանձին-առանձին։
Առաջընթացի առաջին զեկույցի տվյալներով՝ պայմանների մի մասն արդեն կատարվում է։ ԵՄ պատվիրակությունից պարզաբանել են, որ յուրաքանչյուր առանձին չափանիշի վերաբերյալ հանրային բացվածք դեռևս չկա, սակայն զեկույցում արձանագրված է՝ փաստաթղթերի անվտանգության գծով պահանջների առաջին հավաքածուն (Բլոկ 1) և միգրացիայի կառավարման մի շարք պահանջներ (Բլոկ 2) արդեն գտնվում են «կատարման առաջանցիկ փուլում»։ Մնացած ուղղություններով՝ սահմանների կառավարում, ապաստանի տրամադրում (Բլոկ 2), հասարակական կարգ (Բլոկ 3) և հիմնարար իրավունքներ (Բլոկ 4), Հայաստանը նույնպես առաջընթաց է գրանցում։ Ըստ ԵՄ պատվիրակության՝ յուրաքանչյուր կետի վերաբերյալ ավելի մանրամասն բացվածք նախատեսվում է ներկայացնել արդեն առաջընթացի երկրորդ զեկույցում։
Բլոկ 1 — Փաստաթղթերի անվտանգություն։ Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանն այժմ չի թողարկում կենսաչափական անձնագրեր․ ծրագիրը կասեցվել էր 2017 թվականին՝ պայմանագրային բարդությունների պատճառով։ Նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի արտադրության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի վերջին։ VLAP-ը նաև պահանջում է ստեղծել քաղաքացիների միասնական էլեկտրոնային ռեեստր «մեկ անձ՝ մեկ փաստաթուղթ» սկզբունքով, ներդնել հակակոռուպցիոն միջոցառումներ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ, կանոնավոր կերպով տվյալներ փոխանցել Ինտերպոլի բազա՝ կորած և գողացված փաստաթղթերի վերաբերյալ։
Բլոկ 2 — Սահմանների կառավարում, միգրացիա և ապաստան։ Այստեղ Հայաստանից ակնկալում են սահմանների համալիր կառավարման (IBM) ռազմավարություն, միջգերատեսչական փոխգործակցություն, անցակետերում ստուգումների ժամանակ տվյալների բազաների հասանելիություն և համագործակցություն Frontex-ի հետ; միգրացիայի մասով՝ ժամանակակից իրավական բազա, վերադարձի արդյունավետ մեխանիզմ; ապաստանի մասով՝ համապատասխանություն միջազգային ստանդարտներին, պաշտպանություն բռնի վերադարձից։
Բլոկ 3 — Հասարակական կարգ և անվտանգություն։ Ազգային ռազմավարություններ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ. փողերի լվացման դեմ պայքարի ժամանակակից համակարգ (FATF ստանդարտներ)՝ անկախ ֆինանսական հետախուզությամբ. համագործակցության ընդլայնում Եվրոպոլի, Եվրոջաստի և Եվրոպական դատախազության (EPPO) հետ։
Բլոկ 4 — Այս բլոկն ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության և իրավական ամբողջականության լայն շրջանակ: Առանցքային պահանջները ներառում են համապարփակ հակախտրական օրենքի ընդունումը, իրավահավասարության հարցերով մասնագիտացված մարմնի ստեղծումը և մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրականացումը: Կարևոր շեշտադրում է արվում նաև իրավական կարգավիճակների ամբողջականության վրա. Հայաստանից պահանջվում է սահմանել արդար և թափանցիկ պայմաններ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար: Այս կոնկրետ չափանիշը նախատեսված է հասցեագրելու Հայաստանում հպատակագրման (նատուրալիզացիայի) և երկքաղաքացիության դյուրացման հետ կապված բարդ մարտահրավերները՝ միաժամանակ ուղղակիորեն մեղմելով ապագա առանց վիզայի ռեժիմի հնարավոր չարաշահման ցանկացած ռիսկ:
Առաջընթացը գնահատվում է ոչ միայն օրենսդրական բարեփոխումներով, այլև իրական թվերով։ Այն հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ցուցիչների առանձին հավաքածու, ԵՄ պատվիրակությունից հստակեցրին. ցուցիչները ստանդարտ են՝ նույնը, ինչ կիրառվել են Արևելյան գործընկերության մյուս երկրների գնահատման ժամանակ։ Հանձնաժողովը հետևում է վիզաների մերժման, ԵՄ սահմաններին մուտքի մերժումների, անօրինական գտնվելու և վերադարձի դեպքերին, ինչպես նաև ապաստանի հայցերի վիճակագրությանը։ Անցումը չափանիշների երկրորդ մակարդակին տեղի կունենա միայն ապագա ազատականացման «միգրացիոն և անվտանգային ազդեցության» լրացուցիչ գնահատումից հետո։
Ահա թե ինչ են ցույց տալիս առաջընթացի առաջին զեկույցի և Eurostat-ի տվյալները.
Հայաստանի քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների քանակը 2019 թվականի 51 000-ից 2024 թվականին հասել է 86 300-ի. ԵՄ ուղևորությունների պահանջարկը կայուն աճում է։
Մերժումների մակարդակը կայուն է՝ 13,2%՝ 2019 թվականին և չնչին նվազմամբ 12,4%՝ 2024 թվականին։
Անօրինական գտնվելու դեպքերը փաստացի չեն աճում. դիտարկման ժամանակահատվածի սկզբում (2019թ.) արձանագրված 2 155 դեպքի դիմաց 2 465 դեպք՝ 2024 թվականին։ Ուղևորությունների թվի աճի պարագայում այս կայունությունը դրական ազդակ է։
Ապաստանի հայցերը զգալի նվազման միտում են ցուցաբերում՝ 2022 թվականի 5 240-ից և 2024 թվականի 5 130-ից 2025 թվականին զգալիորեն նվազելով և հասնելով 3 535-ի։
Բազմակի մուտքի վիզաների քանակն աճում է, ինչը դյուրացման մասին գործող համաձայնագրի ուղղակի արդյունքն է (2019 թվականի 34,8%-ից 2024 թվականին հասնելով 43,5%-ի)։
Համեմատության համար. Henley Passport Index-ի համաձայն՝ հայկական անձնագիրը բացում է առանց վիզայի կամ դյուրացված մուտքի հնարավորություն դեպի մոտ 80 երկիր, ինչն ավելի քիչ է, քան Վրաստանինը (131), Թուրքիայինը (121) կամ Ադրբեջանինը (82)։
Հայաստանն Արևելյան գործընկերության չորրորդ երկիրն է, որն անցնում է այս գործընթացով։ Նախորդների փորձը ցույց է տալիս, որ ժամկետները խիստ տարբերվում են.
Մոլդովա. երկխոսությունը մեկնարկել է 2010 թ. հունիսին, առանց վիզայի ռեժիմը՝ 2014 թ. ապրիլին։ Մոտ 4 տարի։
Վրաստան. երկխոսությունը մեկնարկել է 2012 թ. հունիսին, առանց վիզայի ռեժիմը՝ 2017 թ. մարտին։ Մոտ 5 տարի։
Ուկրաինա. երկխոսությունը մեկնարկել էր դեռևս 2008 թ. հոկտեմբերին, առանց վիզայի ռեժիմը՝ միայն 2017 թ. հունիսին։ Մոտ 9 տարի։
Ֆորմալ առումով Հայաստանի հետ գործընթացն առայժմ արագ է ընթանում. երկխոսության մեկնարկից (սեպտեմբեր 2024) մինչև գործողությունների ծրագրի փոխանցումը (նոյեմբեր 2025) անցել է մեկ տարուց մի փոքր ավելի։ Սակայն ծրագրի փոխանցումը միայն գործընթացի բովանդակային մասի մեկնարկն է։ Ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական վերջնաժամկետ (դեդլայն) գոյություն չունի. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ուղղակիորեն հաստատում է, որ ժամկետների վերաբերյալ կանխատեսում անելն անհնար է, քանի որ գործընթացը ամբողջությամբ կախված է հենց Հայաստանի կողմից չափանիշների կատարման տեմպից։
Սա սկզբունքային պահ է. գործընթացն ավտոմատ չէ։ ԵՄ Խորհուրդը և Եվրախորհրդարանը վերջնական որոշում են կայացնում միայն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հաստատում է ծրագրի բոլոր պայմանների կատարումը՝ ոչ թե «մեծամասնության», այլ բոլորի, ընդ որում՝ արդյունավետ և կայուն կերպով։
Գործընթացը շարունակվում է առանց ֆիքսված վերջնաժամկետի։ Հաջորդ պաշտոնական հանգրվանը Եվրահանձնաժողովի առաջընթացի երկրորդ զեկույցն է, որը սպասվում է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։ Դրանում նախատեսվում է տալ ավելի մանրամասն բացվածք յուրաքանչյուր կատարված չափանիշի վերաբերյալ։
Պաշտոնական թարմացումները հրապարակվում են հետևյալ կայքերում.
Հայաստանում ԵՄ պատվիրակություն. eeas.europa.eu/delegations/armenia
ՀՀ ներքին գործերի նախարարություն (որը վարում է բանակցությունները հայկական կողմից)
Եվրահանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինություն (DG HOME)
Նյութը պատրաստվել է ԵՄ և Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի հիման վրա՝ Վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագիր (2014), CEPA (2021), Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր (VLAP, նոյեմբեր 2025), VLAP-ի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջընթացի առաջին զեկույց (ապրիլ 2026), Eurostat-ի և DG HOME-ի տվյալներ։ Հարցազրույց՝ Հայաստանում ԵՄ պատվիրակություն։
Source: https://news.am/hy/news/1050353