Սիրիան մտադիր չէ ռազմական արշավ սկսել կամ ռազմական ճանապարհով միջամտել Լիբանանի իրավիճակին։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Ալ-Շարաան նշել է, որ Լիբանանի ցամաքային սահմանի մեծ մասն անցնում է Սիրիայով, այդ իսկ պատճառով հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններն անմիջականորեն ազդում են նաև Դամասկոսի վրա։ Նա նաև լուրջ մտահոգություն է հայտնել Լիբանանի ներսում տիրող իրավիճակի հնարավոր սրման կապակցությամբ։

«Մենք մտադիր չենք ռազմական միջամտություն իրականացնել Լիբանանում», — ասել է ալ-Շարաան։

Նախագահի խոսքով՝ Սիրիան պաշտպանում է զենքը բացառապես լիբանանյան պետության ձեռքում կենտրոնացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։

«Պետության իշխանությունից դուրս գտնվող ուժերի մոտ զենքի պահպանման գաղափարն առաջ էր մղվում 40 տարի շարունակ և հանգեցրեց աղետալի հետևանքների (տարածաշրջանում)», — հայտարարել է Սիրիայի առաջնորդը։

Ալ-Շարաան հավելել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրն ընթանում է բոլորովին այլ ճանապարհով, քան սիրիա-իսրայելական կարգավորումը, և կասկած է հայտնել դրա հաջողության հարցում՝ փաստաթղթում առկա բազմաթիվ բացթողումների պատճառով։

Source: https://news.am/hy/news/1051892