Սիեթլի մշակութաժամանցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է Seattle Times թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել Seattle Center համալիրի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և հինգ տուժածի մասին։
«Կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը ստացել վիրավորում, նրանց թվում կա նաև փոքր երեխա», — հայտնում է Seattle Times-ը։ Պարբերականը ճշտում է, որ երկու մարդ տեղում մահացել է, իսկ երրորդը ստացած վերքերից ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Ինչպես նշում է թերթը, ոստիկանության տվյալներով՝ կրակողները երկուսն են եղել։ Ենթադրվում է, որ նրանք կրակել են միմյանց վրա։ Նրանցից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը դեռևս ազատության մեջ է։
Source: https://news.am/hy/news/1051907