Ենթադրաբար թմրանյութ տեղափոխող նավերի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած ռազմական հարվածները չեն հանգեցրել ԱՄՆ մատակարարվող կոկաինի ծավալների կրճատմանը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) վերլուծաբանների զեկույցը։
Ըստ զեկույցի՝ ձեռնարկված միջոցները ոչ միայն չեն ազդել Միացյալ Նահանգներում կոկաինի առաջարկի կամ գնի վրա, այլև թմրավաճառներին ստիպել են դիվերսիֆիկացնել մատակարարման ճանապարհները։ Կարտելներն աստիճանաբար հրաժարվում են արագընթաց մոտորանավակներից՝ անցնելով ավելի խոշոր նավերի, և շրջանցում են միջազգային ջրերը՝ նավարկելով ափամերձ գոտիներով, որտեղ ամերիկյան ուժերի կողմից կրակ բացելու հավանականությունը փոքր է։ Բացի այդ, DEA-ի տվյալներով, նրանք ավելի հաճախ են օգտագործում ինքնաթիռներ, որոնք կոլումբիա-վենեսուելական սահմանի ընդհատակյա թռիչքուղիներից ուղևորվում են Գայանա և Սուրինամ՝ ամերիկյան զինուժի տեսադաշտում չհայտնվելու համար։
Վերլուծաբաններն ընդգծում են, որ թեև 2025 թվականի սեպտեմբերին հարվածներ սկսվելուց հետո մաքսանենգության երթուղիները խաթարվել էին, իսկ կոկաինի գները՝ բարձրացել, հետագայում դրանք վերադարձել են նախկին մակարդակին։ Պարբերականը նկատում է, որ առգրավված կոկաինի վերաբերյալ DEA-ի վերլուծությունը ցույց է տալիս դրա բարձր մաքրությունը․ սա վկայում է մատակարարումների անխափանության մասին, քանի որ դիլերները պաշարներն ավելացնելու համար թմրանյութը լրացուցիչ նյութերով «կտրելու» կամ խառնելու կարիք չեն ունենում։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը թմրակարտելների դեմ «Հարավային նիզակ» (Southern Spear) գործողության մեկնարկի մասին հայտարարել էր 2025 թվականի նոյեմբերին։ Իսկ արդեն մայիսի վերջին The New York Times-ը հայտնել էր, որ թմրանյութ տեղափոխող ենթադրյալ նավերին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 200-ից։
Source: https://news.am/hy/news/1051900