Հուլիսի 27-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հասել են Ուդմուրտիա։ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտարարել է տարածաշրջանի վրա «վերջին շրջանի ամենամասշտաբային» ԱԹՍ հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Astra-ի ուսումնասիրած ականատեսների կադրերի համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի թիրախը Ուդմուրտիայի Կամբարկայի շրջանի Բորոկ ավանում գտնվող Ռոսրեզերվի «Պրիորիտետ» կոմբինատն էր (նախկինում հայտնի որպես «Գորիզոնտ»)։ Սա փակ տիպի ռազմավարական օբյեկտ է, որն իրականացնում է նավթաբազայի գործառույթներ։ Ձեռնարկությունը գտնվում է զինվորականացված պահպանության տակ և նախատեսված է արտակարգ իրավիճակների կամ ռազմական կարիքների համար վառելիքի, նավթամթերքի ու քսայուղերի պաշարների երկարաժամկետ պահպանման համար։ Ռոսրեզերվի կոմբինատի վրա հարձակումը հաստատել է նաև ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է պետական սահմանից 1300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ուդմուրտիայի, ինչպես նաև Յարոսլավլի մարզի «նավթային օբյեկտներին» հասցված հարվածների մասին։ «Իրականացվում է հեռահար պատժամիջոցների ծրագիրը, և կրճատում ենք պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի հնարավորությունները», — հավելել է նա։

Հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով Ուդմուրտիայում «Վտանգավոր երկինք» ազդանշանը տրվել էր առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում։ Իժևսկի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, քաղաքում կանգնեցվել էր նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Հետագայում հանրապետության ղեկավարը մի քանի անգամ հայտնել է ԱԹՍ-ների սպառնալիքի մասին։

Հարձակման պատճառով էվակուացվել են Սարապուլում գտնվող Wildberries-ի տեսակավորման կենտրոնի և լոգիստիկ համալիրի աշխատակիցները։ Ընկերությունից պարզաբանել են, որ քայլերն իրականացվել են «անվտանգության պահանջներին համապատասխան կերպով»։ Ավերածությունների մասին չի հաղորդվել։ Վաճառողների պորտալում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ Սարապուլի և Իժևսկի պահեստները ապրանքներ չեն ընդունում։ Ընկերությունում խոստացել են օբյեկտի աշխատանքի վերականգնման մասին տեղեկացնել լրացուցիչ կերպով։

Source: https://news.am/hy/news/1051905