Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հայտարարել է բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու օրինական շահերը հարգելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ դիմակայի համաշխարհային մարտահրավերներին: Դրա մասին չինական առաջնորդը հայտարարել է Շանհայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։
«Անհրաժեշտ է պաշտպանել արդարությունն ու իրավահավասարությունը։ Յուրաքանչյուր երկիր միջազգային հանրության հավասարազոր անդամ է, և յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն»,- հայտարարել է Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերում է ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունը։
Չինաստանի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը չպետք է վերադառնա միջազգային հարաբերություններում ուժի կիրառման սկզբունքին։
«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա ջունգլիների օրենքի դարաշրջանին»,- նշել է նա։
Չինական առաջնորդն ընդգծել է, որ այսօր ավելի քան 190 պետություններ միավորված են ընդհանուր ճակատագրով և պետք է համատեղ լուծումներ փնտրեն գլոբալ խնդիրների համար։
«Աշխարհի ավելի քան 190 երկրներ կիսում են ընդհանուր ճակատագիրը և պետք է գործեն միասնաբար՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է Սի Ծինփինը։
Նա նաև ընդգծել է համաշխարհային առաջատար տերությունների հատուկ դերը՝ նշելով, որ «խոշոր երկրները պետք է իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Շանհայ է ժամանել՝ մասնակցելու Արհեստական բանականության համաշխարհային համաժողովին (WAIC), որն անցկացվում է հուլիսի 17-20-ը։
Source: https://news.am/hy/news/1050417