Trump Media & Technology Group (TMTG) ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Truth Social սոցիալական ցանցի սեփականատերն է, քննարկել է թրեյդերներից և ներդրողներից ամսական մինչև 100 հազար դոլար գանձելու հնարավորությունը՝ պետության ղեկավարի հրապարակումներին առավելագույնս արագ հասանելիություն տրամադրելու համար, գրում է Financial Times-ը:

Պարբերականի տվյալներով, որը հղում է անում իրավիճակին ծանոթ աղբյուրներին, Reuters գործակալությանը չի հաջողվել անկախ կերպով հաստատել այդ տեղեկությունը։ Ինքը՝ Trump Media-ն, գործակալության մեկնաբանության հարցմանը օպերատիվորեն չի պատասխանել։

Նախօրեին ընկերությունը ներկայացրել է տվյալների լիցենզավորման նոր՝ Truth API անվամբ վճարովի ծառայություն, որը նախատեսված է բանկերի և առևտրային ընկերությունների համար։ Ըստ TMTG-ի հայտարարության՝ ծառայությունն ապահովում է «ամենաարագ» հասանելիությունը Truth Social-ում ամենաազդեցիկ օգտահաշվերի հրապարակումներին։

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նոր արտադրանքը տասը ամենանշանակալի օգտահաշվերի հաղորդագրությունները կփոխանցի զգալիորեն ավելի արագ, քան Truth Social հավելվածի ստանդարտ push-ծանուցումները։

Truth API-ի գործարկումը կդառնա TMTG-ի առաջին քայլը տվյալների լիցենզավորման շուկայում և ընկերությանը հնարավորություն տա ստանալ եկամուտների նոր աղբյուր: Ավելի վաղ ընկերությունը դժվարությունների էր հանդիպում իր մեդիաբիզնեսի զարգացման գործում՝ խոշորագույն սոցիալական հարթակների կողմից ուժեղ մրցակցության ֆոնին։

Financial Times-ի նյութի հրապարակումից հետո TMTG-ի բաժնետոմսերը մասնակիորեն վերականգնվել են անկումից հետո։ Օրվա երկրորդ կեսի դրությամբ դրանք վաճառվում էին մոտ 0,4% անկումով, իսկ տարեսկզբից կորցրել են իրենց արժեքի շուրջ 27%-ը։

Source: https://news.am/hy/news/1050421