ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսրայելին տեղեկացրել է երկիր տասնյակ լրացուցիչ օդային լցարկող ինքնաթիռներ ուղարկելու մտադրության մասին՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ընդլայնմանն ընդառաջ։ Դրա մասին հաղորդում է Axios -ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի երեք պաշտոնյաների։

Պարբերականի տվյալներով՝ որոշումը քննարկվում է Սպիտակ տան Իրավիճակային սենյակում տեղի ունեցած նիստից հետո, որտեղ նախագահին ներկայացվել են մի քանի նոր ռազմական սցենարներ։ Դիտարկվող տարբերակների թվում է Իրանի դեմ լայնամասշտաբ գործողությունը, որը կարող է դուրս գալ Հորմուզի նեղուցի շրջանում ներկայիս հարվածների շրջանակից:

Ինչպես պնդում են աղբյուրները, քննարկվում են հարվածներ ենթակառուցվածքային օբյեկտներին, ներառյալ՝ էլեկտրակայաններին, նոր հարձակումներ միջուկային օբյեկտների վրա՝ հարստացված ուրանի պաշարներն էլ ավելի խոր արգելափակելու նպատակով, ինչպես նաև հնարավոր հարված Pickaxe Mountain ստորգետնյա օբյեկտին, որը, ամերիկյան հետախուզության տվյալներով, կարող է օգտագործվել միջուկային ծրագրի զարգացման համար։

Axios-ի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը վերջնական որոշում դեռևս չի ընդունել։ Սակայն, ըստ աղբյուրների, Սպիտակ տունը դիտարկում է ռազմական ճնշման ուժեղացման հնարավորությունը՝ Իրանին ստիպելու բացել Հորմուզի նեղուցը և համաձայնել միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան պահանջներին։

Պարբերականը նշում է, որ համապատասխան որոշումը կարող է ընդունվել արդեն առաջիկա օրերին։

Աղբյուրների տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն արդեն հինգերորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցնում իրանական օբյեկտներին Հորմուզի նեղուցի շրջանում և երկրի հարավային ափամերձ գոտում։

Մասնավորապես, ԱՄՆ-ը գրոհել է առնվազն յոթ կամուրջ Բենդեր Աբաս քաղաքի շրջանում, որն ամերիկյան կողմը համարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային լոգիստիկ հանգույցը։ Նշվում է, որ այդ շրջանով է իրականացվում զինամթերքի, մատակարարումների և համալրումների տեղափոխումը։

Միաժամանակ, Axios-ի տեղեկություններով, Իրանն ուժեղացրել է հարձակումները Հորդանանում, Կատարում, Բահրեյնում, Իրաքում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև Սիրիայում ամերիկյան բազային հարվածելու մասին, սակայն, ինչպես նշում է պարբերականը, ամերիկյան զորքերը մի քանի ամիս առաջ լքել էին այդ օբյեկտը։

Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ ներկայում Իսրայելում արդեն գտնվում են մոտ 30 ամերիկյան լցարկող ինքնաթիռներ՝ Բեն Գուրիոն օդանավակայանի տարածքում, և մոտավորապես այդքան էլ՝ երկրի հարավում տեղակայված Ռամոն ավիաբազայում:

Առաջիկա օրերին ԱՄՆ-ը մտադիր է ուղարկել ևս մի քանի տասնյակ նմանատիպ ինքնաթիռներ՝ դրանց ընդհանուր քանակը հասցնելով այն մակարդակին, որը կար ներկայիս հակամարտության սկզբում։

Axios-ի զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինվորականները նախընտրում են օգտագործել հենց Բեն Գուրիոն օդանավակայանը, քանի որ տարածաշրջանի մյուս ավիաբազաները համարվում են ավելի խոցելի իրանական հնարավոր հարձակումների համար։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմն արդեն դիմել է իսրայելական կառավարությանը՝ լրացուցիչ լցարկող ինքնաթիռներ ընդունելու խնդրանքով։ Այդ հարցում վերջնական որոշումը պետք է ընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Source: https://news.am/hy/news/1050429