Ֆրանսիային պատուհասած ուժեղ ամպրոպներն էլեկտրամատակարարումից զրկել են 53 հազար տնային տնտեսությունների, ինչը անդրադարձել է ավելի քան 100 հազար մարդու վրա: Իրավիճակի մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը՝ հղում անելով էլեկտրական ցանցերի բաշխիչ օպերատոր Enedis-ին:

Ընկերության տվյալներով՝ հուլիսի 17-ի գիշերը երկրի տարածքում գրանցվել է կայծակի ավելի քան 141 հազար հարված։ Տարերքն ամենալուրջը վնասել է Նոր Ակվիտանիա և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանները, որտեղ առանց էլեկտրականության է մնացել համապատասխանաբար մոտ 20 հազար և 25 հազար տնային տնտեսություն։

Ուժեղ քամու և անբարենպաստ եղանակի պատճառով մի շարք շրջաններում ծառեր են տապալվել, ինչը դժվարացրել է վերականգնողական աշխատանքները։ BFM TV-ի տեղեկություններով՝ տարերքի կատաղության հետևանքով զոհվել է երկու մարդ:

Նախօրեին ֆրանսիական իշխանությունները նույնպես հայտնել էին, որ երկիրը բախվել է անսովոր վաղ երաշտի, ինչի պատճառով տարբեր տարածաշրջաններում ջրի օգտագործման ռեկորդային սահմանափակումներ են մտցվել:

Source: https://news.am/hy/news/1050427