ՆԱՏՕ-ն ձգտում է «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,- նշել է Վասիլևը։

Նա նշել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։

«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, դրանց թվում՝ բազմադարյա հետահայացով, թերևս կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը բավականին բարդ է դասավորվել և հաճախ արյունալի։ Այն հարցի պատասխանը, թե հատկապես ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը բազմամյա պատմության ընթացքում, միանշանակ է և ակնառու»,- հավելել է դիվանագետը։

Source: https://news.am/hy/news/1052773