Yerevan.Today-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ, որ ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը զրպարտչական արտահայտություններ էր թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ դատարանն այն համարել է գնահատողական դատողություն։

Yerevan.Today—ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ գնահատական տալու դատարանի որոշմանը։

Պարոն Միկոյանն ասաց․ «Առաջին ատյանի դատարանը,մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։

Սակայն, հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։

Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարչական արտահայտություններ՝ պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը ևս քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում, դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն։

Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն»»։

Source: https://news.am/hy/news/1052777