«Ուրալվագոնզավոդ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պոտապովի խոսքով՝ ռուսական հիմնական մարտական տանկի նոր սերունդը կունենա ժամանակակից համակարգեր, որոնք կիրառվում են Տ-90-ում, իսկ դրա մշակման ընթացքում կօգտագործվեն ռոբոտացում և արհեստական բանականություն։ Մեքենան կստեղծվի՝ հաշվի առնելով նորագույն մշակումներն ու փորձը, որը ձեռք է բերվել հատուկ ռազմական գործողության ընթացքում։
Ապագա ռուսական հիմնական մարտական տանկի որևէ կոնկրետ տեխնիկական մանրամասն բացահայտել ՈւՎԶ ղեկավարը չի ցանկացել՝ հստակեցնելով, որ ներկայում կոնստրուկտորները ձգտում են ստեղծել ռոբոտացված մեքենաներ՝ արհեստական բանականության լայն կիրառմամբ։
Ռուսաստանի զինված ուժերի զրահատանկային ստորաբաժանումների ամենաժամանակակից մեքենաներից մեկը խորապես արդիականացված Տ-90Մ «Պրորիվ» տանկն է՝ Տ-90 ընտանիքի ամենակատարելագործված տարբերակը, փոխանցել է «Տեխկուլտ»-ը։ Այն ունի շուրջ 50 տոննա զանգված և համալրված է 125 միլիմետր տրամաչափի 2Ա46Մ-5 հարթափող հրանոթով՝ ստանդարտ զինամթերք և կառավարվող հրթիռներ կիրառելու հնարավորությամբ։
Տ-90Մ-ի անձնակազմը բաղկացած է երեք հոգուց, մարտական գործողություններ վարելուն օգնում է «Կալինա» տեղեկատվական-կառավարման համակարգը։ Տանկի արդյունավետ պաշտպանությունն ապահովում է համակցված զրահը՝ համալրված «Ռելիկտ» դինամիկ պաշտպանությամբ և հակակումուլյատիվ վանդակավոր էկրաններով։ «Պրորիվ»-ը շարժման մեջ է դրվում 1 130 ձիաուժ հզորությամբ Վ-92Ս2Ֆ դիզելային շարժիչով, որն ապահովում է առավելագույնը մինչև 70 կմ/ժ արագություն։ Ընթացքի պաշարը՝ ավելի քան 500 կիլոմետր։
Source: https://news.am/hy/news/1050466