Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ վարչապետ Պետեր Մադյարի իշխող «Տիսա» կուսակցության նախաձեռնությամբ, և որը վերջ կդնի նրա պաշտոնավարմանը պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին Շույոկը հայտնել է Facebook-ի տեսաուղերձում։
Facebook-ում հրապարակված տեսանյութում պետության հեռացող ղեկավարը պատմել է, որ ուսումնասիրել է իր հնարավորությունները տվյալ դեպքում և որոշում է կայացրել «կատարել իր պարտավորությունները, որոնք ամրագրված են Հիմնական օրենքում, իր իրավական հնարավորություններն ու խիղճը մանրակրկիտ կշռադատելուց հետո»։
Միաժամանակ, նա չի համաձայնել խորհրդարանի որոշման հետ և ենթադրել է, որ այս փոփոխությունը «կմտնի այն բռնի «գորդյան հանգույցների» շարքը, որոնք սերունդների համար կմնան որպես քաղաքական իշխանության չարաշահման լուրջ և խայտառակ պատմական օրինակներ»։ Իր խոսքը նա ավարտել է այն բառերով, որ երկրի նախագահը դադարում է լինել «որևէ զսպող կամ հավասարակշռող գործոն», հաղորդել է DW-ն։
«Նա, ով ամուր է իր հավատի և ճշմարտության մեջ, հակված չէ բռնության, չի վիրավորում և չի նվաստացնում ուրիշների արժանապատվությունը։ Ես հավատում եմ, որ մարդ մնալը և մարդասեր լինելը, ինքդ քեզ և ճշմարտությանը հավատարիմ մնալը՝ չնայած բոլոր հարձակումներին և ցանկացած հանգամանքներում, միակ ուղին է, որն արժե ընտրել։ Եկե՛ք գնահատենք այն ամենը, ինչ մեզ միավորում է։ Եկե՛ք սիրենք Հունգարիան»։ — իր խոսքն այսպես է ավարտել Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի զինակիցը։
Source: https://news.am/hy/news/1050553