Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Վաշինգտոնի նախկին մոտեցումը տարբերվում էր ներկայիս մոտեցումից. «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության ամրապնդում» խորագրով Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը հայտարարել է, որ «30-ամյա օկուպացիայի շրջանում», իր գնահատմամբ, ԱՄՆ վարչակազմի և Մինսկի խմբի համանախագահների նպատակը ստատուս քվոյի պահպանումն էր, հաղորդում է «Report»-ը։
Նրա գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփի մոտեցումն այլ էր։ Ադրբեջանի նախագահը նրան անվանել է խաղաղասեր քաղաքական գործիչ, որն ունակ է նպաստել հակամարտությունների ավարտին։
«Նա արդեն ութ պատերազմ է դադարեցրել աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Դա նրա տեսլականն է, նրա բնավորությունն ու նրա քաղաքականությունը։ Ադրբեջանի և Հայաստանի հարցում նրա դերը նույնպես շատ կարևոր էր, քանի որ երբ մենք գտնվում էինք բանակցությունների եզրափակիչ փուլում, Թրամփն ու իր թիմը ստեղծեցին մի այնպիսի շրջանակ, որի շնորհիվ հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել», — նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը հաշվի է առել Բաքվի մտահոգությունները և հասկացել է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված տրանսպորտային նախագծի կարևորությունը։
«Նրանք հասկանում էին մեր մտահոգությունները, գիտակցում էին, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն Ադրբեջանը կկապի Նախիջևանի շրջանի հետ։ Մի խոսքով՝ նրանք շատ արդյունավետ աշխատեցին և Հայաստանին բացատրեցին, որ այս խաղաղությունն անհրաժեշտ է նաև իրեն», — հայտարարել է Ալիևը։
Source: https://news.am/hy/news/1049473