Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր պատմության, սերտ հումանիտար շփումների և ժողովուրդների փոխադարձ համակրանքի վրա։ Բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։

Մեկնաբանելով ռուս-հայկական հարաբերությունները՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան անփոփոխ կերպով ձգտել է աջակցել Երևանին։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը հիմնված է եղել ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի, այլև երկու ժողովուրդների միջև առկա ամուր հումանիտար կապերի վրա։

«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն ու աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված էին ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ՝ ինչպես ընդունված է ասել դիվանագետների շրջանում, այնպես էլ նրա հետ, ինչը ես սեր եմ անվանում։ Ժողովուրդների ու մշակույթների անկեղծ սերը, փոխթափանցումը և հենց այս իրական կապերը», — ասել է նա։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում է ընդհանուր մշակութային տարածությունը։ Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերի մասին՝ հայտարարելով, որ նա բազմիցս ջանքեր է գործադրել արյունալի հակամարտությունները դադարեցնելու, բարդ շրջաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու և երկրի զարգացմանը նպաստելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի համագործակցությունն ընդգրկում է ոչ միայն անվտանգության հարցերը, այլև տնտեսությունը, էներգետիկան ու արդյունաբերությունը։

«Սա է մեր մոտեցումը, և մենք հավատարիմ ենք դրան», — եզրափակել է նա։

Source: https://news.am/hy/news/1049461