ՄԱԿ տվյալներով՝ վերջին հինգ տարում աշխարհում առողջ սննդակարգի արժեքն աճել է 25 տոկոսով՝ գերազանցելով ծայրահեղ աղքատության շեմը (որը սահմանվում է որպես օրական 3,00 դոլարից կամ 2,62 եվրոյից պակաս եկամուտ), հայտնել է Euronews-ը։
«Արդյունքում՝ 2,69 միլիարդ մարդ, այսինքն՝ մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ, դեռևս չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ օգտագործել»,- լրագրողներին հայտնել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կուլենը՝ հուլիսի 21-ին նախատեսված «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում» զեկույցի հրապարակման նախաշեմին։
Նրա խոսքով՝ ներկայում առողջ սննդակարգի արժեքը, որը լիովին կբավարարի օրգանիզմի սննդարար նյութերի պահանջը, միջինը կազմում է օրական 4,28 դոլար մեկ անձի համար՝ հաշվի առնելով երկրների միջև կենսապահովման արժեքի տարբերությունները։ Սա բարձր է ծայրահեղ աղքատության շեմից՝ բացարձակ աղքատության չափման միջազգային չափանիշից, որը սահմանվել է օրական 3 դոլար (2,62 եվրո) մեկ անձի համար։
Ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում ոչ թե բավարար քանակի կալորիաներ ստանալուն, այլ սննդարար նյութերով հարուստ մթերքները սննդակարգում ներառելուն։
«Կալորիաները համեմատաբար էժան են,- պարզաբանել է Տորերոն,- բայց որակյալ սնունդը՝ ոչ»։
Հիմնական սննդամթերքները, որոնք մարդիկ օգտագործում են ամեն օր, օրինակ՝ հացահատիկները և արմատապտուղները, ապահովում են օրգանիզմի կալորիաների օրական պահանջի մեծ մասը, սակայն միաժամանակ կազմում են առողջ սննդակարգի արժեքի ընդամենը 13 տոկոսը։
«Համեմատության համար՝ մրգերին և բանջարեղենին բաժին է ընկնում կալորիաների ընդամենը 5 տոկոսը, բայց արժեքի՝ 16 տոկոսը։ Այսինքն՝ դրանք զգալիորեն ավելի թանկ են, քան հացահատիկները։ Իսկ կենդանական ծագման մթերքները կազմում են ընդհանուր արժեքի գրեթե 30 տոկոսը»,- նշել է Տորերոն։
Ուստի, նրա խոսքով, գլխավոր խնդիրը սննդարար նյութերով հարուստ մթերքներն ավելի մատչելի դարձնելն է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ անառողջ սնունդը հիվանդությունների, առաջին հերթին՝ ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունները, դիաբետը և քաղցկեղը, գլոբալ բեռի հիմնական գործոններից մեկն է։
Source: https://news.am/hy/news/1050465