Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող բրիտանական վարչապետի նստավայրի գլխավոր մկնորսը՝ Լարրի կատուն, հումորով է մեկնաբանել Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնեմի նշանակումը՝ ակնարկելով, որ նրա կարևորագույն պարտականություններից մեկը կլինի հայտնի կատվի մասին հոգ տանելը:
X սոցիալական ցանցի Լարրիի պաշտոնական էջում հայտնվել են պատկերներ, որոնցում ապագա վարչապետի համար յուրօրինակ հրահանգավորում է անցկացվում։
«Լարրի կատվի արկղը նախարարների կաբինետում է, իսկ նրան կերակրել է պետք օրական առնվազն երկու անգամ»,- ասված է հրապարակված նկարներից մեկում։
Հրապարակման կից գրությունը ևս հումորային ոճով է արված.
«Բարի գալուստ ձեր կյանքի ամենակարևոր պաշտոնին»։
Ավելի վաղ Լեյբորիստական կուսակցության Ազգային գործադիր կոմիտեի նախագահ Շաբանա Մահմուդը հայտնել էր, որ Էնդի Բերնեմն ընտրվել է կուսակցության նոր առաջնորդ։ Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորությունների փոխանցումը տեղի կունենա երկուշաբթի։
Լարրի կատուն Դաունինգ սթրիթի նստավայրում ապրում է 2011 թվականից։ Նրան վերցրել են կենդանիների կացարանից և նա պաշտոնապես զբաղեցնում է գլխավոր մկնորսի պաշտոնը։ Բրիտանական քաղաքական առաջնորդների նստավայրերում կատուներ պահելու ավանդույթը մի քանի դարի պատմություն ունի, իսկ 1929 թվականից նրանք ունեն պետական ծառայողի պաշտոնական կարգավիճակ և խորհրդանշական աշխատավարձ են ստանում։ Լարրիի ամենահայտնի նախորդներից մեկը եղել է վարչապետներ Մարգարետ Թետչերի, Ջոն Մեյջորի և Թոնի Բլերի օրոք ծառայած Համֆրի կատուն։
Source: https://news.am/hy/news/1050420