Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի հայտարարել է Ավիլա նահանգում և Մադրիդի շրջանում անտառային հրդեհների պատճառով սահմանված ազգային արտակարգ դրության ավարտի մասին, հայտնում է El Pais-ը։

Արտակարգ իրավիճակների կառավարման առաջատար շտաբ այցի ընթացքում Նավալուենգա համայնքում (Ավիլա նահանգ) Սանչեսը հայտարարել է, որ արձագանքման միջոցներն «արդյունավետ էին՝ հաշվի առնելով հրդեհի մասշտաբները»։

Միաժամանակ, երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հինգշաբթի առավոտյան Կաստիլիայում և Լեոնում շարունակում էին ակտիվ մնալ հրդեհի 10 օջախ, որոնցից երեքին տրվել էր առավելագույն վտանգի մակարդակ՝ Ֆերմոսելյեում (Սամորա նահանգ), ինչպես նաև Վեգելիինում և Վալդելալոբեում (Լեոն նահանգ)։

Հատկապես բարդ է եղել գիշերը Սամորայում, որտեղ ավելի քան 50 ցամաքային և օդային միջոցներ, Իսպանիայի ռազմական արտակարգ ծառայության (UME) ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում են պայքարը հրդեհի դեմ, որը սկսվել էր նախորդ օրը Ֆերմոսելյեի շրջանում՝ Առիբես-դել-Դուերո բնական գոտում։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում կրակը ոչնչացրել է մոտ 11 հազար հեկտար անտառ։ Վտանգավոր գոտուց տարհանվել են 14 բնակավայրերի բնակիչներ՝ ավելի քան 800 մարդ։ Ֆերմոսելյեում և Ֆարիսեում սահմանվել էր բնակչության մեկուսացման ռեժիմ։

Փրկարար ծառայությունները մտավախություն ունեն, որ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին քամին կարող է ուժգնանալ, ինչպես նաև պահպանվել բարձր օդի ջերմաստիճանը, ինչը կարող է բարդացնել կրակի դեմ պայքարը։

Միաժամանակ շարունակվում են արդեն կայունացված հրդեհների վերահսկման աշխատանքները Ավիլայում, Մադրիդում և Տոլեդոյում՝ նոր բռնկումներ թույլ չտալու համար։ Արտակարգ ծառայությունները միաժամանակ հետևում են իրավիճակին այլ շրջաններում, դրանց թվում՝ Կաստելյոնում և Տառագոնայում, այս ամռան երկրորդ ուժեղ շոգի ալիքի ֆոնին։

Source: https://news.am/hy/news/1052583