Իրանի և Օմանի ներկայացուցիչները փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը և Օմանը, որոնց տարածքները սահմանակցում են նեղուցին, շարունակել են բանակցությունները այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին նրանց պաշտոնյաները հանդիպել են Թեհրանում։

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ քննարկվող առաջարկներից մեկն այն է, որ կրկին բացվի այսպես կոչված միջին միջանցքը՝ նավերի անցման համար։

Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ միջին միջանցքում, հավանաբար, կան Իրանի տեղադրած ծովային ականներ, որոնք պետք է վնասազերծվեն, նախքան այդ երթուղին կրկին կանոնավոր օգտագործվի։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և եվրոպական մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատրաստ են գլխավորել ականազերծման աշխատանքները, սակայն միայն այն դեպքում, երբ դրա համար անվտանգ պայմաններ ստեղծվեն։

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկզբից ի վեր նավերը հիմնականում օգտվում են նեղուցի հյուսիսային կամ հարավային երթուղիներից։

Միևնույն ժամանակ, Axios-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են հիմնականում Իրանի և Օմանի միջև։ Դրանց մասնակցում են նաև Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Իսկ The Times of Israel-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում ներգրավված միջնորդները կարծում են, թե կողմերը մոտ են բեկման, որը կարող է վերակենդանացնել անցած ամիս Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։

Սակայն, ըստ աղբյուրների, վերջնական որոշումը սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախատեսված հանդիպումից հետո։

Source: https://news.am/hy/news/1052000