Իրանական ընկերությունները լիովին պատրաստ են ներգրավվել «Հյուսիս-Հարավ» նախագծի մյուս հատվածների շինարարության մեջ։ Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դիվանագետը հավելել է, որ իրանական ընկերությունների առավելությունն այն է, որ ինժեներական և տեխնիկական տեսանկյունից, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և աշխատանքների կատարման արագության առումով, նրանք ունեն լուրջ ներուժ։
Դեսպանը պարզաբանել է, որ, հաշվի առնելով, որ աշխատանքների հատվածները գտնվում են երկու երկրների սահմանին, իրանական ընկերությունների ներգրավման դեպքում շինանյութերի գնման ծախսերը կարող են էապես կրճատվել։ «Ամեն դեպքում որոշումը մնում է Հայաստանի կառավարության վրա, որը պետք է գնահատի ընկերությունների ներկայացրած նախագծերը», — նշել է Շիրղոլամին։
Դիվանագետը հիշեցրել է, որ Բարգուշատի թունելի շինարարության նախագիծը փոխանցվել է ֆրանսիական ընկերությանը՝ հավելելով, որ, չնայած դրան, իրանական ընկերությունները նույնպես կարող են ներգրավվել դրա իրականացման մեջ։
Շիրղոլամին նշել է, որ ավելի վաղ բարդություններ էին առաջացել Իրանի և Հայաստանի միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցում։ «Սակայն վերջին շրջանում նկատվում են դրական միտումներ, և առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք դրական փոփոխությունների», — նշել է Շիրղոլամին։
Դեսպանը հայտնել է, որ Իրանը և Հայաստանը նպատակ ունեն ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի՝ ներկայիս ցուցանիշներն ավելացնելով 4 անգամ։
Source: https://news.am/hy/news/1048604