Ժամանակակից ինժեներական կրթությունն այլևս չի սահմանափակվում լսարաններով և լաբորատորիաներով։ Աշխարհի առաջատար տեխնոլոգիական համալսարաններում կրթության կարևոր բաղադրիչ է դարձել այն միջավայրը, որտեղ գիտական գաղափարները վերածվում են կիրառական լուծումների ու նախագծերի։ Այս տրամաբանությամբ է արդեն մի քանի տարի զարգանում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության համագործակցությունը, որն այսօր թևակոխում է զարգացման նոր փուլ։
Համագործակցության հերթական կարևոր հանգրվանը դարձավ երկու կողմերի միջև ստորագրված համագործակցության պայմանագիր, ըստ որի, ևս հինգ տարով երկարաձգվում է 2019 թվականին կնքված պայմանագրի գործողության ժամկետը։ Ազդարարվում է համալսարանի ենթակառուցվածքների արդիականացման նոր ծրագրերի մեկնարկը և վերահաստատում կրթության, գիտության և մասնավոր հատվածի միջև ձևավորված գործընկերության շարունակականությունը։«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ» ընկերությունը 2017 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ ստորագրեց շրջանակային փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով համագործակցել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետազոտությունների, նորարարության և կրթության ոլորտներում։Հաջորդ կարևոր քայլը կատարվեց 2018 թվականին, երբ կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծվեցին ծրագրի իրականացման իրավական հիմքերը։ Մոտ մեկ տարի անց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամն ու «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն կնքեցին անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն ընկերությունը վարձակալեց համալսարանի 13-րդ մասնաշենքի երկրորդ հարկը։ Այստեղ էլ տեղակայվեց PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնը։ Այդ որոշումը պատահական չէր։ Ընկերությունը գիտակցաբար ընտրել էր Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական բուհը՝ նպատակ ունենալով հնարավորինս սերտ կապ ստեղծել գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության միջև։
«Պոլիտեխնիկի հետ համագործակցում ենք մեր հիմնադրման առաջին օրից՝ 2018 թվականից։ Որոշում կայացվեց գիտահետազոտական կենտրոնը տեղակայել հենց Հայաստանի տեխնոլոգիական բուհի սրտում, որպեսզի Հայաստանի գիտական և ինժեներական ներուժը հնարավորինս արդյունավետ ծառայի թե՛ կազմակերպության զարգացմանը, թե՛ Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ Պոլիտեխնիկի գիտակրթական միջավայրի զարգացմանը»,- նշում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը։
Վեց տարվա ընթացքում համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է։ Այն այլևս չի սահմանափակվում գիտահետազոտական կենտրոնի գործունեությամբ, այլ ընդգրկում է համալսարանի զարգացման մի շարք ռազմավարական ուղղություններ։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը ֆինանսավորել է համալսարանի տարբեր գիտական թեմաներ և հետազոտական ծրագրեր, ներդրումներ կատարել ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչպես նաև աջակցել համալսարանի զարգացման այնպիսի առանցքային գործընթացների, ինչպիսիք են միջազգային հավատարմագրումն ու արդյունաբերական դոկտորական ծրագրի իրականացումը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունները փոխկապակցված են և միասին ձևավորում են համալսարանի զարգացման էկոհամակարգը։
Ստորագրված նոր փաստաթուղթը նախատեսում է համալսարանի 13-րդ մասնաշենքի կիսանկուղային և առաջին հարկերի ամբողջական վերակառուցում։ Նախագծի շրջանակում շենքը ոչ միայն հիմնովին կվերանորոգվի, այլև կամրացվի՝ ապահովելով ժամանակակից անվտանգության պահանջները։ Տարածքները կհամալրվեն նոր կահույքով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ վերածվելով երկու կարևոր կենտրոնների։
Առաջինը լինելու է ժամանակակից ուսանողական սննդի գոտի՝ ֆուդ կորտ, որը կծառայի համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին։ Երկրորդը՝ ստարտափների ինկուբացիայի և աքսելերացիայի հաբն է, որը նախատեսված է երիտասարդ ինժեներների և հետազոտողների գաղափարները նորարարական նախագծերի ու բիզնես նախաձեռնությունների վերածելու համար։ Այստեղ ուսանողները հնարավորություն կունենան ոչ միայն աշխատել սեփական նախագծերի վրա, այլև համագործակցել արդյունաբերության ներկայացուցիչների հետ, ստանալ խորհրդատվություն և զարգացնել տեխնոլոգիական ձեռնարկատիրական հմտությունները։
Գուրգեն Մարդոյանի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ 13-րդ մասնաշենքը կվերադառնա իր պատմական նշանակությանը։
«Տասնամյակներ շարունակ այս շենքում գործել է ուսանողական ճաշարանը։ Ուրախ ենք, որ առաջին հարկը կրկին կծառայի այդ նպատակին՝ արդեն ամբողջությամբ վերանորոգված և անվտանգ պայմաններում։ Միաժամանակ շենքը կամրացվի, ինչը կարևոր է անվտանգության տեսանկյունից, իսկ Պոլիտեխնիկը կվերադարձնի իր հիմնական ենթակառուցվածքներից մեկը՝ լրացնելով համալսարանական միջավայրում երկար տարիներ բացակայող կարևոր օղակը»,- նշում է նա։
ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հետևողականորեն աջակցում է այն ծրագրերին, որոնք համալսարանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նրա խոսքով՝ համալսարանն ու գործընկեր կազմակերպությունը մշտապես քննարկում են այն նախաձեռնությունները, որոնք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ կրթության, գիտության և հետազոտությունների զարգացման վրա։
Ստարտափների ինկուբացիայի և աքսելերացիայի հաբի ստեղծումը ռեկտորը դիտարկում է հենց այդպիսի ծրագրերից մեկը։ Նրա համոզմամբ՝ այստեղ ձևավորվող նոր մասնագիտական համայնքն ապագայում կհամալրի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը, իսկ համալսարանի և մասնավոր հատվածի միջև համագործակցությունն ավելի գործնական և բովանդակային կդառնա։
ՀԱՊՀ–ի ամփոփիչ միջոցառման ընթացքում ուշադրության կենտրոնում էին ոչ միայն նոր ծրագրերը, այլև այն մարդիկ, որոնց աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում ձևավորվել և ամրապնդվել է այս համագործակցությունը։ ՀԱՊՀ-ն պարգևատրեց այն գործընկերներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել գիտության, կրթության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ կապերի ձևավորման գործում։
Մասնավոր ոլորտում ունեցած մասնագիտական հաջողությունների և համալսարանի հետ արդյունավետ համագործակցության համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի արծաթե մեդալով պարգևատրվեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՓԲԸ-ի կորպորատիվ կապերի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը։
Նույն պարգևին արժանացավ նաև PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ՀԱՊՀ շրջանավարտ Գուրգեն Մարդոյանը։ Նրա դեպքում պարգևը խորհրդանշում էր ոչ միայն հաջողված գործընկերությունը, այլև տարիներ շարունակ հարազատ համալսարանի հետ պահպանված մասնագիտական և մարդկային կապը։
Այսօր, երբ համալսարանների առջև ծառացած հիմնական մարտահրավերը կրթությունը գիտության և արդյունաբերության պահանջներին համապատասխանեցնելն է, ՀԱՊՀ-ի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի համագործակցությունը կարելի է դիտարկել որպես համալսարան–մասնավոր հատված արդյունավետ գործընկերության հաջողված օրինակ։
Վերջին տարիներին իրականացված ծրագրերը ցույց են տալիս, որ նման համագործակցությունը կարող է դուրս գալ դասական հովանավորչության շրջանակներից և վերածվել իրական զարգացման ռազմավարության։ Գիտական ծրագրերի ֆինանսավորում, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական գործընթաց, ժամանակակից ենթակառուցվածքներ, արդյունաբերական դոկտորական ծրագրեր, նորարարական միջավայր և երիտասարդների համար ձեռնարկատիրական հնարավորություններ. այս ամենը մեկ ամբողջական համակարգի բաղադրիչներն են։
Նոր համաձայնագրով մեկնարկող ծրագրերը ևս մեկ քայլ են այդ ճանապարհին։ Դրանք ոչ միայն կբարելավեն համալսարանի ֆիզիկական միջավայրը, այլև կստեղծեն այն պայմանները, որտեղ ապագա ինժեներները կկարողանան իրենց գաղափարները վերածել իրական տեխնոլոգիական լուծումների՝ հենց համալսարանական տարիներից։
Source: https://news.am/hy/news/1048955