Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։Այդ օրը՝ ժամը 01.30–ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, իսկ Լաերտ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն վերջինիս չի կարողացել բռնել, իսկ այդ ընթացքում կողոպտիչի մոտից փախուստի ժամանակ թափվել է 12 հատ դրամական կապոց։

Կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։

Source: https://news.am/hy/news/1052799