Եվրոպական միությունը կարող է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մեխանիզմը, քանի որ Աթենքը մի քանի շաբաթով հապաղեցրել է սահմանափակումների հերթական փաթեթի ընդունումը՝ բացառությունների հասնելով հունական նավագնացության ընկերության համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Թերթի տվյալներով՝ Աթենքը հրաժարվում էր աջակցել պատժամիջոցների նոր փաթեթին, քանի դեռ ԵՄ մյուս երկրները չէին համաձայնել բացառություն տրամադրել «Dynagas» ընկերությանը։ Նշվում է, որ հունական կողմը հասնում էր նրան, որ ընկերության նավերը կարողանան շարունակել ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրումը ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներ։ Պարբերականն ընդգծում է, որ սա առաջին անգամն է, երբ Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցների ընդհանուր համակարգը թուլացվել է։ Ընդ որում, ինչպես նշվում է հրապարակման մեջ, «գոյություն ունեցող ռազմավարությունը մայրաքաղաքներին թույլ է տվել տեսնել, որ ԵՄ անդամ հանդիսացող շատ երկրներ բախվելու են պատժամիջոցային որոշումների տնտեսական հետևանքներին»։

Այժմ, ինչպես հայտնում է FT-ն, Բրյուսելում սահմանափակումների կիրառման նոր մոտեցումներ են քննարկվում։ Պաշտոնյաները դիտարկում են պատժամիջոցներն անհատապես կամ փոքր թեմատիկ բլոկներով հաստատելու հնարավորությունը։ Ակնկալվում է, որ այս մոտեցումը կնվազեցնի ռիսկը, որ որևէ երկրի վետոն կհապաղեցնի մյուս որոշումների ընդունումը։ Հույն պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցրել են, որ ՀԲԳ փոխադրման արգելքը սխալմամբ էր համաձայնեցվել․ այն վնասում էր «Dynagas»-ին, այլ ոչ թե Ռուսաստանի տնտեսությանը, և ձեռնտու էր միայն Չինաստանի ու ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների մրցակից նավատերերին։

Source: https://news.am/hy/news/1051917