ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է Իրանի Չաբահար քաղաքի «Շահիդ Քալանթարի» նավահանգստում գտնվող դիտակետ-աշտարակի վրա հարձակման տեսագրությունը։
Հրամանատարությունը հայտնել է իրանական Չաբահար նավահանգստում դիտարկման աշտարակի ոչնչացման մասին, որն, ամերիկյան կողմի պնդմամբ, օգտագործում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Հորմուզի նեղուցի շրջանում նավերին հետևելու համար:
Ըստ X սոցիալական ցանցում CENTCOM-ի տարածած հայտարարության՝ հարվածը հասցվել է հուլիսի 16-ին։ «Տասնամյակներ շարունակ ԻՀՊԿ-ն օգտագործել է այս համակարգը Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին հետևելու, ինչպես նաև դրանց վրա հարձակումներ նախապատրաստելու և համակարգելու համար»,- ասված է ամերիկյան հրամանատարության հաղորդագրության մեջ։
Ինչպես պնդում է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը, «աշտարակի կործանումն ուղղակիորեն նվազեցնում է հարձակումներն անմեղ քաղաքացիական անձնակազմի անդամների վրա համակարգելու ԻՀՊԿ-ի հնարավորությունը»։
Source: https://news.am/hy/news/1050413