Մեծ Բրիտանիայում դատարանը 19-ամյա Նորվեգիայի քաղաքացի Յոհաննես Նատլանդին մեղավոր է ճանաչել շվեդական հանցավոր խմբավորման պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ, հայտնում է BBC News-ը։
Օլդ Բեյլիի դատարանի երդվյալները պարզել են, որ երիտասարդը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Foxtrot ցանցից ստացված «պատվերը» կատարելու նպատակով. ցանցն իրավապահները բնութագրում են որպես իրանական իշխանությունների հետ կապված շվեդական կազմակերպված հանցավոր խմբավորում։
Նատլանդը ձերբակալվել է 2025 թվականի մարտին Հադերսֆիլդի հյուրանոցներից մեկում։ Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են երկու մարտական ատրճանակ և 19 փամփուշտ։ Երիտասարդն ընդունել է մեղքը զենքի և զինամթերքի ապօրինի պահպանման մեղադրանքով, սակայն հերքել է սպանության նպատակով դավադրությանը մասնակցությունը։
Գործի կրկնակի քննությունից հետո երդվյալ ատենակալները միաձայն մեղադրական վճիռ են ընդունել։ Որոշման հրապարակման ժամանակ Նատլանդը որևէ զգացմունք չի ցուցաբերել։
Մեղադրանքի վարկածով՝ երիտասարդին հավաքագրել էր Foxtrot ցանցը, որը հայտնի է այսպես կոչված «բռնությունը որպես ծառայություն» (violence-as-a-service, VaaS) մոդելի կիրառմամբ, երբ հանցավոր կազմակերպությունները կատարողներ են վարձում հարձակումներ և սպանություններ իրականացնելու համար։
Քննությունը պարզել է նաև, որ Նատլանդը մարտի 17-ին շտապ կարգով տրված անձնագրով թռել է Մանչեսթեր և հրահանգներ ստացել Signal մեսենջերի միջոցով։ Նրան ուղարկել են Հադերսֆիլդ, որտեղ թաքցված են եղել զենքը, գողացված ավտոմեքենան և գումարը։
Ոստիկանությանը հաջողվել է կանխել սպանությունը, երբ Նորվեգիայում ձերբակալվել է 17-ամյա մի դեռահաս, որն, ըստ քննության տվյալների, հավաքագրել էր Նատլանդին։ Նրա հեռախոսում Մեծ Բրիտանիայում նախապատրաստվող հարձակման մասին հաղորդագրություններ են հայտնաբերվել, որից հետո բրիտանական իրավապահները սկսել են կատարողի անհապաղ որոնումը։
Briar Court Hotel հյուրանոցում ձերբակալելու պահին Նատլանդի մահճակալի տակ եղել են երկու ատրճանակ։ Երբ նա տեսել է զինված ոստիկաններին, արել է կրակոցը նմանակող ժեստ, ինչից հետո արագ վնասազերծվել է։
Քննության տվյալներով՝ սպանության պատվերը տեղադրված է եղել համացանցում։ Նամակագրության մեջ եղել է հետևյալ առաջարկը․ «Սպանություն Անգլիայում՝ 270 հազար նորվեգական կրոն։ Երկրից հեռանալու տրանսպորտը պատրաստ կլինի։ Ոստիկաններին կվճարեն, որպեսզի նրանք աչք փակեն։ Ոչինչ չի կարող սխալ ընթանալ»։ Այդ գումարը կազմել է մոտ 21 հազար ֆունտ ստեռլինգ։
Առաջադրանքը ստանալուց հետո Նատլանդը ավելացվել է Assassin EU անունով Signal խմբում, որտեղ առաջին հարցը գրել է․ «Ո՞ւմ պետք է սպանել»։ Սակայն, ինչպես պարզվել է, մինչև ձերբակալության պահը նա այդպես էլ թիրախի մասին հստակ տեղեկություն չի ստացել։
Քննությունը կարծում է, որ Foxtrot-ի կազմակերպիչները կապված են Շվեդիայում կատարված մի շարք ծանր հանցագործությունների հետ։ Մասնավորապես, Նատլանդին հավաքագրած 17-ամյա երիտասարդը նախկինում Նորվեգիայում դատապարտվել էր խմբավորման հանձնարարությամբ կազմակերպված մի քանի սպանության փորձերի և հրկիզումների մասնակցելու համար։ Բացի դրանից, նրան ճանաչել են Շվեդիայում տեղի ունեցած երկու սպանությունների առնչակից։
Բրիտանական դատախազությունը հայտարարել է, որ այս գործը ցույց է տալիս, թե ինչպես են միջազգային հանցավոր ցանցերը երիտասարդներին օգտագործում ծանր հանցագործություններ կատարելու համար։
«Սա փողի համար նախատեսված մտածված սպանության ծրագիր էր։ Յոհաննես Նատլանդը համաձայնել էր Մեծ Բրիտանիայում սպանություն կատարել դրամական վարձատրության դիմաց»,- հայտարարել է Թագավորական դատախազական ծառայության ներկայացուցիչ Ֆրենկ Ֆերգյուսոնը։
Նրա գնահատմամբ՝ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ հարձակումը հաջողվել է կանխել՝ նախքան որևէ մեկը կտուժեր։
Source: https://news.am/hy/news/1052316