«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ողջ երկրին առնչվող ավելի լայն գործընթացների մաս են կազմում։ Այսօր՝ հուլիսի 15-ին, «Հայաստանը դեպի ավտորիտարիզմ տանող ճանապարհին» քննարկումների ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։
Նրա կարծիքով՝ խոսքը ոչ թե առանձին քաղաքական կոնֆլիկտի, այլ պետական կառավարման մի մոդելի մասին է, որի հետևանքները զգում են միլիոնավոր քաղաքացիներ։ Աբովյանն ընդգծել է, որ տեղի ունեցողը վերաբերում է ոչ միայն մեկ քաղաքական գործչի կամ նրան պատկանող ձեռնարկություններին, այլև այս գործընթացները շոշափում են ողջ երկիրը։
Աբովյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, այսօր 10-ից 20 հազար մարդ կանգնել է սոցիալական լուրջ խնդիրների առջև՝ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով։ Նա հղում է արել անազատության մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի հրապարակած ուղերձին, որում, ըստ Աբովյանի, վերջինս մտահոգություն է հայտնել աշխատակիցների և շարքային քաղաքացիների ճակատագրի համար։
Նա նշել է, որ ծանր դրության մեջ հայտնված մարդկանց թվում կան նաև նրանք, ովքեր նախկինում քվեարկել են գործող իշխանության օգտին։ Աբովյանի խոսքով՝ այժմ այդ մարդիկ հարց են տալիս, թե ինչու են ցուցաբերած աջակցությունից հետո բախվել աշխատանքից ազատումներին և եկամտի աղբյուրների կորստին։
Աբովյանը թվարկել է մի շարք որոշումներ, որոնք հետևողականորեն վատթարացնում են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ Նա նշել է, որ ընտրություններից անմիջապես հետո բարձրացվել է ակցիզային հարկը, կրճատվել է բժշկական ապահովագրության համակարգում ընդգրկված քաղաքացիերի թիվը, ինչպես նաև զգալիորեն կրճատվել է «Փարոս» ծրագրով սոցիալական օգնություն ստացող բենեֆիցիարների քանակը։ Այս բոլոր քայլերը Աբովյանը դիտարկում է որպես միասնական պետական քաղաքականության տարրեր, որոնք, նրա կարծիքով, հանգեցնում են բնակչության վրա սոցիալական ճնշման մեծացմանը։ «Բարի գալուստ նեոփաշիզմ»,- նշել է նա։
Աբովյանը հայտարարել է, որ չնայած բոլոր հալածանքներին, որոնց բախվում է ԲՀԿ-ն, կուսակցությունը միշտ գործել է, գործում է և գործելու է՝ առաջնորդվելով հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերով։ Նա խոստովանել է, որ նման խոսքերն այսօր կարող են հնչել որպես ընդհանուր ձևակերպումներ, քանի որ ազգային շահերի պաշտպանության մասին քաղաքական լոզունգները բազմիցս օգտագործվել են տարբեր ուժերի կողմից և մեծապես կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը։ Այդուհանդերձ, ըստ Աբովյանի, կա մի ակնհայտ ճշմարտություն. հայ ժողովուրդն այլ երկիր չունի։
«Մենք չունենք այլ Հայաստան, չունենք այլ հայ ժողովուրդ։ Մենք չենք կարող պարզապես նստել և հետևել, թե ինչպես է մեր երկիրը վերածվում «Արևմտյան Ադրբեջանի»»,- հայտարարել է նա։ Աբովյանն ընդգծել է, որ նման մտահոգություններն, իր խոսքով, բացառապես բողոքող ուժերի դիրքորոշումը չեն։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցներից մեկում նույնպես մատնանշել էր նման սպառնալիքների գոյությունը։
Source: https://news.am/hy/news/1049952