Գագիկ Ծառուկյանի հալածանքներն ու կալանավորումը ոչ միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների ակնհայտ խախտում են, այլև 2018 թվականից Փաշինյանի կողմից սկսված քաղաքական կամայականությունների շարունակությունը, որը պետությունը կառավարելու իր անկարողությունը փորձում է քողարկել ուժային ճնշումներով, «դիմակով շոուներով» և բնակչությանը մշտապես խաբելով։ Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։
«Հալածելով Ծառուկյանին՝ մի մարդու, ով ինքնուրույն բիզնես կայսրություն է ստեղծել Հայաստանում, տասնամյակներ շարունակ միջոցներ է ներդնում դրա տնտեսական զարգացման, Հայաստանի հեղինակության բարձրացման մեջ, նպաստում է ներդրողների ներգրավմանը և աշխատանքով ապահովում տասնյակ հազարավոր ընտանիքների, իշխանությունն, ըստ էության, հալածում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գումար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, ովքեր աշխատում են գործարաններում ու գյուղատնտեսական հողատարածքներում, ովքեր զբաղվում են բարեգործությամբ։ Հալածում և արժեզրկում է մեր մարզիկներին, որոնք Ծառուկյանի աջակցությամբ բարձր են պահում Հայաստանի դրոշը միջազգային մրցաշարերում։
Ըստ էության, Փաշինյանը, ում դեմ մեկ ամիս առաջ քվեարկել է հայ ընտրողների մեծամասնությունը, ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների (ինչպիսիք են Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը և շատ ուրիշներ) նկատմամբ անձնական վրեժխնդրության իր ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել ձեռնարկատիրական դաշտը՝ ակնհայտորեն հարևան երկրների իր նոր «խաղաղասեր ընկերների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց նպատակները։
Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ընդդիմադիր մյուս գործիչների հալածանքներն ու կալանավորումը չպետք է անտարբեր թողնեն ոչ մեկին, և առաջին հերթին՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ հնչեցնեն իրենց դիրքորոշումը, այլ ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։
Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, ինչի հերթական վկայությունը դարձել է քաղաքական, հասարակական գործիչ, գործարար և բարերար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը։
Իսկ Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն իրական խնդիրներով՝ ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված Հայաստանի տարածքների հարցով, Բաքվում պահվող հայ գերիներով ու պատանդներով, պետական պարտքի աճի տեմպերով, որը Փաշինյանի օրոք կրկնապատկվել է, և այսօր երկրի յուրաքանչյուր բնակչի վրա՝ նորածնից մինչև տարեց, արդեն գրեթե հինգ հազար դոլար պարտք է ընկնում՝ չհաշված անձնական վարկերն ու պարտքերը։ Ինչպես նաև բազմաթիվ այլ իրական խնդիրներով, որոնց լուծումը կարող էր Հայաստանին վերադարձնել բարձր մարդկային ներուժ ունեցող երկրի համբավը։
Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա որտեղ էլ նա լինի՝ բանտում, թե ազատության մեջ, միևնույն է, երկրում և աշխարհում անհամեմատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել իրեն»,- նշված է Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1049253